36-ժամյա վարժանքի շրջանակում խորհրդակցություն ԱԻՆ-ում

 

Ապրիլի 26-ի վաղ առավոտյան Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը Փրկարար ծառայության ղեկավար կազմի և այլ ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել՝ նախօրեին մեկնարկած «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով դաշտային վարժանքի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) պահանջներին համապատասխան և նպատակ ունի բարձրացնել ՀՀ ԱԻՆ միջազգային առաքելությունների համար նախատեսված քաղաքային որոնողափրկարարական թիմերի (ՔՈՓ) պատրաստվածության մակարդակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համաձայն վարժանքի սցենարի՝ Աֆրիկայի արևելքում գտնվող երկրներից մեկում 7.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: «Տուժած» երկրի կառավարությունը մարդասիրական օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը: ԱԻ նախարարը որոշում է կայացրել արձագանքել տեղի ունեցած «աղետին» և կազմակերպել 50 անձից բաղկացած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերի մեկնումը նշված երկիր: Խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Փամբուխչյանը հանձնարարել է 6 ժամվա ընթացքում միջազգային առաքելության թիմերը բերել պատրաստության, կազմակերպել մեկնումը, փոխգործակցել արձագանքման գործընթացում ներգրավված այլ գերատեսչությունների հետ, իրականացնել «աղետի» գոտու և տարածաշրջանի սեյսմիկ վիճակի մշտադիտարկում, պարբերաբար լուսաբանել առաքելությունը, 7 օր հետո ապահովել թիմերի վերադարձը ՀՀ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով