«Երբեմն լավ փոփոխություն անելու ցանկությունը բերում է վատ հետևանքների»․ «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրերս ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց ավարտական ատեստատներն էլեկտրոնային եղանակով տրամադրելու նախագիծը: Պետական գերատեսչությունը ընդգծում է, որ ներկայումս ուսհաստատությունների կողմից սովորողներին ավարտական փաստաթուղթ տրամադրելու նպատակով իրականացվող աշխատանքները պահանջում են մեծ ջանքեր, մարդկային ռեսուրսներ և ժամանակ: Աշխատանքների իրականացման ընթացքում չեն բացառվում անճշտություններն ու վրիպումները:

Այսպիսով, նպատակ կա թվայնացնել ավարտական փաստաթղթերը` կրճատելով աշխատանքի համար ներգրավվող մարդկային ռեսուրսների ծավալը, ինչպես նաև պետբյուջեի միջոցներից ատեստատների գնման համար հատկացվող ֆինանսավորումը: Նախագիծը միանշանակ չընդունվեց. նախ՝ մեզ համար անսովոր է էլեկտրոնային տարբերակով ավարտական փաստաթուղթ ունենալու գաղափարը, երկրորդ` փորձագետներից շատերը խոսեցին նաև այս գործընթացի ռիսկերի մասին: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է` ավարտական վկայականների, վկայագրերի թվայնացումը նույնիսկ կարելի է ասել ուշացած է, քանի որ ողջ առաջադեմ աշխարհը վաղուց արդեն անցել է վկայագրերի, ատեստատների թվայնացմանը:

«Բայց մեր պարագայում այս գործընթացը նախապատրաստված չէ: Նախ՝ այն մասին, որ թվայնացման արդյունքում խնայում ենք որոշակի միջոցներ. դրանք չնչին միջոցներ կարող են լինել, որը կապված է ատեստատների տպագրության և մնացած հարցերի հետ: Իսկ այն ռիսկերը, որոնք կապված են միանգամից թվայնացման հետ, շատ ավելի մեծ են: Նախ և առաջ կապված են ավտանգության խնդիրների հետ: Թվայնացնել փաստաթղթերը նշանակում է, որ դրանք պետք է այնպիսի տեղ «պահես», որ լինեն անվտանգ և զերծ որևէ միջամտությունից, ընդ որում` և՛ ներքին, և՛ արտաքին միջամտությունից: Այդ առումով չեմ կարող ասել, որ մեր անվտանգության համակարգն այժմ այնպիսին է, որ միանգամից կարող ենք անցնել թվայնացման գործընթացի` առանց հաշվի առնելու վտանգները: Տեղեկատվական անվտանգության հարցերը պետք է առաջնային լինեն: Իմ կարծիքով, երկրորդը կոռուպցիոն ռիսկերի վտանգն է: Հնարավոր է` ստեղծվեն թվային կեղծ ատեստատներ և բաժանվեն: Եթե այդ ամբողջը կենտրոնանում է մեկի ձեռքում կամ ինչ-որ կենտրոնում, նշանակում է, որ կենտրոնանում են նաև կոռուպցիոն ռիսկերը, և մեծանում է դրանց հավանականությունը: Սա ևս պետք է հաշվի առնել: Հայաստանն, իհարկե, պետք է անցնի թվայնացման գործընթացին, բայց սկզբնական շրջանում անհրաժեշտ է, որ դրանք կիրառվեն զուգահեռ. և՛ պահպանվեր ատեստատների թղթային տարբերակը, և՛ դրան զուգահեռ լիներ նաև էլեկտրոնային տարբերակը, այս պարագայում տեսանելի կլինեին հնարավոր թերությունները, բացթողումները, դրանք կշտկվեին, և դրանից հետո միայն հնարավոր կլիներ հրաժարվել թղթային տարբերակից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է կրթության փորձագետը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ստացվում է, որ հերթական անգամ ցանկություն կա լավ փոփոխություն կատարելու, բայց ամեն ինչ արվում է կտրուկ` առանց նախապատրաստության, արդյունքում մարդիկ տեղեկատվական շոկի մեջ են հայտնվում: Կտրուկ փոփոխություն անելու որոշումը բերում է հակազդեցության մարդկանց շրջանում: Ամեն դեպքում յուրաքանչյուր հասարակություն ունի իրեն բնորոշ մենթալիտետ, և մենք, այո, սովոր ենք կարևոր փաստաթղթերն ունենալ թղթային տարբերակով, ցանկանում ենք, որ դրանք շոշափելի լինեն: «Բազմիցս նշել ենք, որ հատկապես կրթության ոլորտում չի կարելի կտրուկ փոփոխությունների գնալ` առանց նախապատրաստելու դրանք:

Նույնիսկ եթե դրանք լավ փոփոխություններ են, առաջին պահին հակազդեցություն են առաջացնում այն մարդկանց մոտ, որոնք առնչվելու են այդ փոփոխություններին: Նրանց համար անսովոր է, որ աշակերտն ավարտի ուսհաստատությունը և արդյունքում, այսպես ասենք, ոչ մի փաստաթուղթ չստանա, որը կարելի լինի շոշափել: Տասնամյակներ շարունակ թղթային տարբերակով ատեստատ ստանալը մեզ մոտ սովորություն է եղել, ուստի փոփոխություն անելուց առաջ պետք է սա հաշվի առնել: Այդ պատճառով երբեմն լավ փոփոխություն անելու ցանկությունը բերում է վատ հետևանքների, տպավորությունը փոփոխությունների նկատմամբ լինում է շատ ավելի վատը, քան իրականում կարող էր լինել: Մեր որոշում կայացնողները սա հաշվի չեն առնում և ամեն անգամ նույն սխալը կրկնում են»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով