Ոչ թե տոպրակներն արգելվել են, այլ՝ թանկացել. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանյան սուպերմարկետներն ու խանութներն այսօրվանից հաճախորդին կառաջարկեն ավելի հաստ եւ թանկ տոպրակ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին սուպերմարկետների աշխատողները: Ավելի քան 10 օր է, ինչ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանում պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելված է։ Նշենք, որ օրենքն ընդունվել է դեռեւս 2020 թվականի գարնանը, իսկ հունվարի մեկից ուժի մեջ է մտել մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը, բայց, չնայած սրան, տոպրակները դեռ լայնորեն կիրառվում են գրեթե բոլոր խանութներում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա դեռ ամենը չէ. պարզվում է՝ վերահսկող մարմինները դեռ տեխնիկապես պատրաստ էլ չեն ստուգել առեւտրի կետերի տոպրակների միկրոնը: Իսկ մինչ այդ լիազոր մարմինը՝ Երեւանի քաղաքապետարանը, տեղյակ էլ չէր, որ ինքն է վերահսկելու մայրաքաղաքում տոպրակների խնդիրը: Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց. «Այդ հարցը պարզաբանվել է, դրա խնդիրը չկա: Հիմա զուտ տեխնիկական խնդիրներ են՝ կապված չափիչ սարքերի ձեռք բերման, դրանց ստուգաչափման հետ: Դրանք մեկ օրում էլ հնարավոր կլինի գնել, բայց դրանք նախ պետք է ստուգաչափվեն, սարքերը պետք է համապատասխան մարմինների կողմից ստուգված եւ կնքված լինեն»:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ հնարավոր չէր այդ ամենի մասին մտածել մինչեւ հունվարի 1-ը, ձեռք բերել այդ սարքերը, ստուգաչափել, Արթուր Ղավալյանը պատասխանեց. «Վերահսկող մարմինը պետք է տեղյակ լիներ եւ նախապես պատրաստվեր: Եթե օրենք է ընդունվում, բնականաբար այն մշակման ընթացքում համաձայնեցվում է համապատասխան լիազոր մարմինների հետ: Այդ դեպքում լիազոր մարմինը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է: Մենք լրացուցիչ իրազեկում ուղարկել ենք արդեն հունվարին, բայց կարծում եմ՝ լիազոր մարմինները պետք է արդեն տեղյակ լինեին փոփոխություններից»:

Իսկ այս դեպքում լիազոր մարմինները համայնքապետարաններն են։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս խնդրի շուրջ մեկնաբանություն ստանալ նաեւ Երեւանի քաղաքապետարանից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով