Նախագիծ. նոր փոփոխություններ՝ կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերում

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստաթղթի մշակումը պայմանավորված է 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված «Լիցենզավորման մասին» և «Կրթության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին›› օրենքներով, որոնցով նախադպրոցական ծառայությունները և այլընտրանքային ծրագրերի իրականացումը համարվում են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

Նախագծի ընդունման նպատակը նախադպրոցական կրթության բնագավառում գործող կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտի ապահովումն ու բարելավումն է, կրթության բնագավառում որոշակի չափանիշներ ներդնելով՝ իրավական ակտերի համապատասխանեցումը, որը կնպաստի ուսումնական հաստատությունների նկատմամբ պատասխանատվության աճին` էապես բարձրացնելով առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը:

Զարգացման կենտրոնների անվան ներքո ՀՀ-ում գործող կազմակերպությունները (մոտավոր հաշվարկով՝ շուրջ 300), որոնք իրականացնում են նախադպրոցական կրթական տարբեր ծրագրեր (այդ թվում՝ այլընտրանքային, լրացուցիչ) և նախադպրոցական ծառայություններ, կլիցենզավորվեն: Կենտրոնները, լիցենզավորվելով և գործելով լիազոր մարմնի վերահսկողության ներքո, կապահովեն երեխաների առողջության և անվտանգության նվազագույն պահանջները (հիգիենիկ ու սանիտարահամաճարակային, հակահրդեհային անվտանգություն և այլն) և կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, որոնք երեխաներին նախապատրաստում են դպրոցին: Մի շարք նորմատիվ-իրավական ակտերով հաստատված պահանջներ (նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարածքների շինարարական նորմեր, նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ, սաների ընդունելության կարգ) կսահմանվեն նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լիցենզավորման գործող մի շարք չափանիշներ և պահանջներ փոփոխելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ գործող չափանիշները չեն կարգավորում լիցենզավորման գործընթացի արդյունավետ ու ամբողջական իրականացումը, ինչը, բնականաբար, չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ ուսուցման բնականոն գործընթացի և որակի վրա: Մասնավորապես, գործունեության վայրի փոփոխման կամ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզավորված անձինք չեն ներկայացնում նոր վայրի՝ պահանջներին համապատասխանելու փաստաթղթեր:

Համաձայն «Լիցենզավորման մասին›› ՀՀ օրենքի՝ գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այդ՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու համար լիցենզավորող մարմին պետք է ներկայացվի հայտ, որտեղ պետք է նշվեն նախկինում ստացած լիցենզիայի վավերապայմանները, ինչպես նաև պետք է տրվի գրավոր հայտարարություն նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին: Մի շարք պահանջներ՝ կապված ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության, հիմնական մանկավարժական կազմի, բժշկական մասնագիտությունների լիցենզավորման և այլնի հետ, նույնպես կարևոր են, հետևաբար կարգերում նախատեսված են համապատասխան փոփոխություններ:

Այսպիսով՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ նախադպրոցական կրթական ծրագրերով և ծառայություններով գործունեության լիցենզիաների պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ միասնական վերահսկման մեխանիզմներ` ապահովելով կրթության որակի բարձրացումը, միասնական համակարգի ստեղծումը և արդյունավետ գործունեությունը: Ակնկալվում է նաև ունենալ կրթական ծրագրերով գործունեության լիցենզիայի պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ էապես կարևոր պահանջների ներդրում` ապահովելով կրթության բնագավառում լիցենզավորման պայմանների ու պահանջների արդյունավետ գործունեությունը:

Հավելենք, որ քաղաքացիները և շահառու խմբերը մինչև փետրվարի 16-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով