Որպես Հայաստանի նախագահ Ռիադ այցելելը և մեր հարաբերությունների նոր էջ բացելն ինձ համար մեծ պատիվ է. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը սաուդական ArabNews-ին

Այս տարվա հոկտեմբերի 26-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցը կատարեց Սաուդյան Արաբիա՝ արաբական և իսլամական աշխարհի առանցքային երկրներից մեկը:

Դեկտեմբերի 18-ին Հայաստան ժամանեց Սաուդյան Արաբիայում տեղակայված Մերձավոր Արևելքի առաջատար անգլալեզու օրաթերթի՝ ArabNews-ի գլխավոր խմբագիր Ֆայսալ Աբբասը:

ArabNews
-ն այսօր հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը: Տեսանյութերի հետ հրապարակվել է նաև Ֆայսալ Աբբասի՝ հարցազրույցն ընդհանրացնող հոդվածը, որում հեղինակը մասնավորապես նշում է. «Արմեն Սարգսյանը պատմության մեջ կմնա որպես Հայաստանի առաջին նախագահը, որը 1991թ. անկախացումից ի վեր այս տարվա հոկտեմբերին այցելեց Սաուդյան Արաբիա: Թեև երկու երկրները միմյանց նկատմամբ թշնամանք չեն ունեցել, սակայն նրանց միջև դիվանագիտական հարաբերություններ նույնպես չեն եղել՝ 1988-1994թթ. ղարաբաղյան հակամարտության ընթացքում և ղարաբաղյան առաջին պատերազմում Ռիադի կողմից Ադրբեջանին սատարելու պատճառով»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցի՝ Հայաստան-Սաուդյան Արաբիա հարաբերություններին վերաբերող հատվածը.

Ֆայսալ Աբբաս – Անկախությունից ի վեր՝ դա առաջին այցն էր, որ իրականացվել է Հայաստանի նախագահի կողմից: Կարո՞ղ եք որոշ մանրամասներ հայտնել, թե ինչպես այցը կայացավ, ինչպիսի՞ արդյունքներ կան, և ամենակարևորը՝ ե՞րբ կարող ենք ակնկալել դիվանագիտական կապերի հաստատում:

Նախագահ Սարգսյան – Մեր անկախության ավելի քան 30 տարիներին մենք դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել Սաուդյան Արաբիայի հետ: Սաուդյան Արաբիան շատ կարևոր, ազդեցություն ունեցող և հեռանկարային երկիր է: Հայաստանը, լինելով փոքր երկիր, առաջինն է ընդունել քրիստոնեությունը: Նույնիսկ այս 30 տարիների ընթացքում հայերը գնացել են Սաուդյան Արաբիա, աշխատել են այնտեղ և շատ հայեր հաջողություններ են գրանցել: Կարծում եմ, որ հարաբերություններ չհաստատելու հիմնավոր պատճառներ չկան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երբ դարձա նախագահ, իմ առաջնային նպատակներից մեկն Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն էր: Այս ամենի վերաբերյալ շատ լավ արձագանք ունեցա Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի կողմից: Մենք սկսեցինք հաղորդակցվել, նամակներ էինք միմյանց գրում՝ կրոնական, ազգային կամ պետական միջոցառումների առնչությամբ: Դրանք շատ պատկառելի և խոր իմաստ ունեին: Այդ կերպ աստիճանաբար հատուկ հարաբերություններ սկսեցին, և մենք սկսեցինք խոսել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորությունների մասին: Այդ հաղորդակցությունների գագաթնակետը դարձավ իմ այցելությունը մայրաքաղաք Ռիադ:

Իմ ոչ երկար, բայց բովանդակային քննարկումները թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ շատ առանձնահատուկ էին: Առաջին հերթին դրանք վերաբերում էին մեր ժողովուրդների և պետությունների միջև փոխադարձ հարգանքին, ինչպես նաև՝ մեկս մյուսի հանդեպ ունեցած հարգալից վերաբերմունքին: Հաջորդիվ մենք խոսեցինք մեր դիվանագիտական հարաբերությունների մասին: Ըստ էության, երկուսս էլ համաձայնեցինք, որ իմ այդ այցով սկիզբ դրվեց մեր դիվանագիտական հարաբերություններին: Ես Պետնախարարին և Թագաժառանգին հրավիրեցի այցելել Հայաստան: Մենք համաձայնել ենք, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և դեսպանատներ բացելու ճանապարհին ենք և մեր դեսպաններին կուղարկենք միմյանց երկրներ:

Մեր քննարկումների հաջորդ կարևոր մասը վերաբերում էր ապագային: Շատ ուրախ էի տեսնել, որ թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը մեծապես կենտրոնացած է ապագայի վրա. իր երկրի, տարածաշրջանի, Ծոցի և աշխարհի ապագայի վրա: Նա ներկայացրեց սաուդական նոր տնտեսություն զարգացնելու իր հավակնությունները՝ զբոսաշրջությունից մինչև նոր տեխնոլոգիաներ: Նա նաև մեծ կարևորություն է տալիս բարձր տեխնոլոգիաներին, որը, կարծում եմ, անհրաժեշտություն է բոլորի, հատկապես՝ Հայաստանի նման երկրի համար: Հայաստանը, ի տարբերություն Սաուդյան Արաբիայի, հարուստ չէ բնական այնպիսի պաշարներով, ինչպիսիք են նավթը և գազը: Ծոցի մի շարք երկրներ՝ Սաուդյան Արաբիան, Էմիրությունները կամ Կատարը, մեծ գումարներ են ներդնում կրթության, գիտության և տեխնոլոգիաների զարգացման ոլորտներում: Եվ դա ճիշտ մոտեցում է, քանի որ դա է մարդկության ապագան՝ լինի դա արհեստական բանականությունը, մաթեմատիկական մոդելավորումը կամ կենսատեխնոլոգիաները:

Հանդիպել և շփվել եմ շատ մարդկանց հետ: Ինձ համար ամենակարևորն այն քննարկումներն էին, որոնք ունեցա Նորին Մեծության հետ: Նա, որպես երկրի ղեկավար, իր ժողովրդին և երկիրը տանում է ճիշտ ուղղությամբ: Նույն կերպ պետնախարարի հետ ենք քննարկումներ ունեցել: Ես ամբողջովին բավարարված եմ նրանով, ինչ տեսա: Մենք խոսեցինք ապագայի մասին, մեր երկու ժողովուրդների ապագայի, որը պետք է լինի նորովի, նոր տեխնոլոգիաների և վարքագծի առկայությամբ: Երկու կողմերը շա՛տ պետք է աշխատեն մեր ժողովուրդներին նաև կրթելու համար: Հայկական սփյուռքը շատ ավելի է ծանոթ Սաուդյան Արաբիային, քանի որ նրանցից շատերը՝ լինելով ամերիկացի, լիբանանցի, և այլն, այցելել և գործարարությամբ են զբաղվել Սաուդյան Արաբիայում: Հայաստանում՝ տեղական մակարդակով թերևս կան որոշ կարծրատիպեր, ինչը կարելի է ասել նաև Սաուդյան Արաբիայի մասին, որտեղ ևս կարող են լինել կարծիքներ Հայաստանի մասին, որոնք աղերս չունեն իրականության հետ: Դռները բացելը, ոչ միայն դիվանագիտական, այլև մշակութային և տնտեսական հարաբերություններ հաստատելը և զբոսաշրջությունը խթանելը կօգնեն միմյանց ավելի լավ ճանաչել: Մենք շատ բան ունենք ցույց տալու:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով