Սկանդալ՝ Շիրակի պետական համալսարանում. բուհ-ում կան «ֆեյք» ուսանողներ.168.am

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

168.am-ը  գրում է.

Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) հերթական աղաղակող ապօրինությունն է տեղի ունեցել, իսկ թե ինչու և ինչ նպատակով, թերևս, իրավապահ մարմինների ուսումնասիրության տիրույթում է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

168.am-ը տեղեկություն է ստացել այն մասին, որ ՇՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի առկա ուսուցման բաժնի առաջին կուրսում ուսանող է հայտնվել և անհետացել: Մեր աղբյուրները նաև տեղեկությունը հաստատող լուսանկար են ուղարկել:

Բանն այն է, որ այս ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից մինչև տարեվերջ փաստորեն այդ կուրսում սովորել է 15 ուսանող, որոնց թվում՝ երկվորյակ քույրեր՝ Մերի և Սուսաննա Հովհաննիսյաններ:

«Այս ուսանողուհիները ակտիվորեն մասնակցել են դասերին, ունեցել են ակտիվություն և բացակայություններ, մասնակցել են առաջին կիսամյակի միջանկյալ քննություններին, ամփոփիչ քննություններին, ստացել են գնահատականներ, սակայն տարեվերջից օրեր առաջ տեղի է ունենում «հրաշք». Քույրերից մեկի անունն «անհետանում է» դասամատյանից:

Վերը բերված լուսանկարի ձախ մասում, որն արված է դեկտեմբերի 21-ին, Մերի Հովհաննիսյանի անունը կա, իսկ արդեն դեկտեմբերի 23-ին արված աջ լուսանկարում վերջինիս անունը վերցված է շրջանակի մեջ, ինչը նշանակում է, որ նման անունով ուսանողուհի այդ կուրսում չկա:

Հարց է առաջանում, եթե անձը ուսանող չէ, ինչպե՞ս է նա գրանցվել պաշտոնական փաստաթուղթ համարվող մատյանում, ինչպե՞ս է նրան թույլ տրվել մասնակցել դասերին, քննություններին, այդ թվում՝ միջանկյալ և ամփոփիչ, սեմինարներին, և հիմա տառացիորեն կիսամյակի վերջում պարզվում է, որ նա ուսանող չէ:

Մատյանների մեջ ընդգրկվում են այն ուսանողները, որոնք մասնակցել են ընդունելության քննություններին և մինչև սեպտեմբերի 15-ը մուծում են առաջին կիսամյակի վարձավճարն ամբողջությամբ, որից հետո հրամանագրվում են որպես ուսանող:

Ուրեմն ի՞նչ է սա, եթե ոչ՝ կեղծիք, թող պատասխանեն իրավապահ մարմինները: Ինչպե՞ս կարող է բուհ-ի հետ առնչություն չունեցող անձը հրամանագրվել որպես ուսանող ու գալ դասի:

Մեր տեղեկություններով՝ խայտառակությունը կոծկելու համար Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դեկան Օֆելյա Հովհաննիսյանը փորձ է անում պարզաբանել, թե նշված ուսանողը ցանկացել է հեռակա բաժին ընդունվել, դրա համար թույլ են տվել՝ գալ, քրոջ հետ մասնակցել առկա ուսուցմամբ դասապրոցեսներին՝ սա ներկայացնելով որպես բարի կամքի դրսևորում:

Սակայն այս բացատրությունն էլ անհասկանալի է, որովհետև հեռակա բաժնի ընդունելությունը հոկտեմբերի կեսին է, սակայն աղջիկն առկա ուսուցման կուրսում ներկա է եղել սեպտեմբերի 1-ից:

«4 ամիս մարդը պարտաճանաչ դասի է եկել, ամենաակտիվ ուսանողներից է եղել, գնահատվել է, ու հիմա պարզվում է, ուսանող չէ՞… Եվ դա ընդամենը 3 օրվա տարբերությամբ»,- ասաց մեր աղբյուրը:

Ուշագրավ է, որ մեր տեղեկություններով՝ նշված անձը հեռակա բաժնում գրանցված չէ, չի մասնակցել որևէ դասընթացի, չի հանձնել իր աշխատանքները, որոնք պարտավոր էր հանձնել դեկտեմբերի 21-24-ն ընկած ժամանակահատվածում, բայց ակտիվորեն մասնակցել է առկա բաժնի ամփոփիչ և միջանկյալ քննությունների առաջին մասին:

Փաստացի բուհ-ում կան «ֆեյք» ուսանողներ: Հետաքրքիր է նաև՝ արդյոք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունում տեղյա՞կ են այս մասին, և ի՞նչ քայլեր են ձեռնարկում Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով