Մարզերում ծավալված առաջնային օգնության կետերի կողմից 42 դեպք է արձանագրվել

 

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունն այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ամփոփել է մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները: Դեկտեմբերի 1-ից 27-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոնում սպասարկվել է 49500 զանգ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 48636: Հանրապետությունում գրանցվել է 701 արտակարգ դեպք և պատահար: ՀՀ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի և Սյունիքի մարզերում ծավալված առաջնային օգնության կետերի կողմից արձանագրվել է 42 դեպք, որի արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 102 ավտոմեքենա, 198 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն: Շուռնուխ բնակավայրում ծավալված ժամանակավոր հենակետում շարունակվում է շուրջօրյա հերթապահություն: Սյունիքի մարզային փրկարարական վարչությանը տրամադրվել է «POLARIS GNE-20» ամենագնաց:

Համաձայն Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանի զեկույցի՝ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կողմից իրականացվող Քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրի շրջանակում ԱԻՆ-ը ստացվել է 5 կոնտեյներ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային մոնիթորինգի և վարակազերծման գույք: 2022թ. փետրվարին տեղի կունենա գույքի պաշտոնական հանձնումը, որից հետո կմեկնարկեն դասընթացները գույքի շահագործման և պահպանման թեմաներով:

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներն ընդգծել են անցած մեկ տարվա ընթացքում կրթական և հանրային կառույցներում անցկացված ուսումնավարժանքների արդյունավետությունը՝ հանրային իրազեկվածության բարձրացման առումով: ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանձնարարել է հաջորդ տարի ևս շարունակել «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքները, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել փրկարար ծառայողներին՝ ամբողջ տարվա ընթացքում պատշաճ մակարդակով իրականացրած ծառայության համար: Խորհրդակցության ավարտին նախարարը մի շարք ծառայողների հանձնել է առաջին և հերթական սպայական կոչումները՝ անձնվիրաբար ծառայելու պատրաստակամություն մաղթելով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

four × three =