ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է թատրոնի ոլորտում իրականացված ծրագրերին

 

Միջազգային թատերական փառատոներ, հյուրախաղեր

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Միջազգային թատերական համագործակցության, տարբեր փառատոներում, հյուրախաղային գործունեության ասպարեզում ակնհայտ ակտիվություն են ցուցաբերել Սոս Սարգսյանի անվան «Համազգային», Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, Երևանի մնջախաղի պետական թատրոնները»,- նշել է Արա Խզմալյանը և շնորհակալություն հայտնել թատերական հաստատությունների ղեկավարներին:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջնախաղեր

Արա Խզմալյանի նշմամբ՝ ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ 2021 թվականին տեղի է ունեցել 12 առաջնախաղ. Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը («Արթուրո Ուիի կարիերան»), Երևանի խամաճիկների պետական թատրոնը (Դիլաքյան եղբայրների «Գտնված երազ»), Աբովյանի դրամատիկական թատրոն («Կարմիր գլխարկը» երաժշտական), Երևանի կամերային պետական թատրոն («Համլետ»), Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվ․ պետական դրամատիկական թատրոն («Երկիր հայրենի»), Եղեգնաձորի մշակույթի կենտրոն (Ժան Բատիստ Մոլիեր «Տարտյուֆ կամ խաբեբան» կատակերգություն), Վանաձորի «Տիկնիկային թատրոն» («Բժիշկ Այբոլիտը»), «Հալեպ» հայրենասիրական բարեսիրական ՀԿ («Խղճմտանքի ձայներ»), Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն («Ամանորի հրաշքը»), Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն («Մաուգլի»):

 

Ավելի քան երկու տարի ընդմիջումից հետո նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետային ներկայացումը։ Դեկտեմբերի 23-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա համաշխարհային բալետային արվեստի ամենապահանջված ստեղծագործություններից մեկի՝ «Շչելկունչիկ» («Մարդուկ-Ջարդուկ») բալետային ներկայացման առաջնախաղը:

Արա Խզմալյանն անդրադարձել է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող երկու թատրոնների միավորման հարցին: Նրա վստահեցմամբ՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորելով Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, գործել են իրավասությունների շրջանակում:

«Համարում եմ, որ մենք գործել ենք մեր իրավասությունների շրջանակում: Այսօր ամեն ինչ անում ենք, որ Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմը, ընդհանրապես կոլեկտիվը աշխատանք գտնի մեր տարբեր կառույցներում, և այս օրինակը համարում եմ օպտիմալացման լավագույն օրինակ»,- ընդգծել է Խզմալյանը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի լավագույն թատրոններից մեկը՝ «Համազգային»-ը, նոր շենք տեղափոխվելու դեպքում չունի սպասարկման որևէ ռեսուրս: Այժմ ռեսուրս են տրամադրում այդ թատրոնն ուժեղացնելու համար:

«Բոլոր թատրոնների ներկայացուցիչների հետ փորձել ենք հասկանալ, թե յուրաքանչյուրն ինչ պակաս ունի, և ինչպես կարող ենք միավորման արդյունքում լրացնել այդ պակասները: Շուրջ տասը կոլեկտիվ, որոնց մեջ գերազանցապես երաժշտական կոլեկտիվներն են, այսօր փողոցում են, և անթույլատրելի էր, որ լավագույն կոլեկտիվներից մեկը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը միջազգային համագործակցության լավագույն արդյունք ունի, մնա դրսում: Որպես լիազոր մարմին միանգամայն ճիշտ ենք վարվել՝ միավորելով երկու կառույցները և տարածքը հատկացնելով մեկ այլ կառույցի: Սա պետք է լինի բնական բան, և հանրությունը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ այն, ինչ ստեղծվել է, հավերժ չէ, և պետությունն իրավունք ունի վերակազմակերպելու, վերամիավորելու կառույցները»,- եզրափակել է Արա Խզմալյանը:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով