Հանդիսավոր երդմնակալությամբ Հրաչյա Սարգսյանը ստանձնել է Երևանի քաղաքապետի լիազորությունները

 

Դեկտեմբերի 25-ին հրավիրված Երևանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի է ունեցել Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ Երևանի քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում` Երևանի բնակիչներին տրված երդմամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Նույն օրենքի համաձայն՝ ավագանու նիստը վարել է Երևանի ավագանու ամենատարեց անդամ Մարատ Թոխյանը։ Երդմնակալության արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, գործադիր և օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, քաղաքական և մշակութային գործիչներ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևանի 56-րդ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երդվել է քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:

 

Այնուհետ, Երևանի ավագանու անդամ Մարատ Թոխյանը Երևանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան հանձնել է նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։

 

Ներկաներին ուղղված իր խոսքում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ մեծ պատասխանատվություն է ստանձնել ավելի քան 2800-ամյա քաղաքի՝ մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը:

 

«Մեր առջև ծառացած են բազում խնդիրներ, որոնք արդյունավետ և հիմնարար լուծումների կարիք ունեն և որոնց ճշգրիտ լուծումներից է կախված մեր մայրաքաղաք Երևանի հետագա կայուն զարգացումը: 2018 թվականի ընտրություններից ի վեր ծավալուն աշխատանքներ են իրականացվել, որոնք թիմային աշխատանքի արդյունք են, և մեր նպատակն է «Իմ Քայլ»-ը դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա համագործակցելով նաև «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» ընդդիմադիր խմբակցությունների հետ իրագործել հավակնոտ, բայց և իրատեսական ծրագրերը: Քաղաքի կառավարումը և ենթակառուցվածքների զարգացումը համակարգային մոտեցման անհրաժեշտություն ունի և պետք է հիմնված լինի արդյունավետ կառավարման նորարարական մոտեցումների և ամենօրյա նվիրված աշխատանքի վրա: Շատ կարևորում եմ ներդաշնակ և արդյունավետ համագործակցությունը քաղաքական և գործադիր ինստիտուտների միջև: Լիահույս եմ և ակնկալում եմ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր, դատական և հասարակական կառույցների կողմից աջակցությունը Երևանի զարգացմանն ուղղված խնդիրների լուծման հարցում: Եվ ամենակարևորը, ակնկալում եմ երևանցիների, Հայաստանի այլ համայնքների բնակիչների, Արցախի Հանրապետության, ինչպես նաև սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը՝ մեր բոլորի մայրաքաղաք Երևանի զարգացման գործում: Կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում բարձր վստահության համար և հույս հայտնում, որ մեր կատարած աշխատանքն արժանվույնս կգնահատվի մեր հայրենակիցների կողմից»,- նշել է քաղաքապետը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

nine − seven =