Արցախցիներին տրամադրված ֆինանսական աջակցության ծրագրի մասին

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը  տեղեկացնում է.

Մեկնարկում են ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, 68 000 ՀՀ դրամի չափով 4 ամիս շարունակ արցախցիներին տրամադրված ֆինանսական աջակցության ծրագրի իրականացման ընթացքում տեղ գտած խնդրահարույց դիմումների քննարկման նպատակով, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները:

 

Դրամական օգնության իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի N 186-Լ որոշմամբ սահմանված՝ 2021 թվականի մարտ, ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար տրամադրված դրամական օգնության առնվազն մեկ ամսվա (այսուհետ՝ հաշվարկային ամիս) վճարացուցակում չընդգրկված՝ մինչև 2021 թվականի փետրվարի 10-ը (ներառյալ) ծնված և Արցախի Հանրապետությունում բնակվող (բնակված)՝
ա) իգական սեռի անձինք,
բ) հաշվարկային ամսվա 1-ի դրությամբ 63 տարին լրացած անձինք,
գ) հաշվարկային ամսվա 1-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաները,
դ) հաշվարկային ամսվա 1-ի դրությամբ հաշմանդամ ճանաչված կամ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող` 18-63 տարեկան արական սեռի անձինք։
Անձը համարվում է Արցախի Հանրապետությունում բնակվող (բնակված), եթե՝
1) 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցել է Արցախի Հանրապետությունում հաշվառում.
2) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ն առնվազն վերջին երեք ամիսը փաստացի բնակվել է Արցախի Հանրապետությունում՝ անկախ հաշվառված լինելու հանգամանքից (այսուհետ՝ փաստացի բնակված անձ)։
Այն քաղաքացիները, ովքեր հանդիսանում են ծրագրի շահառու, սակայն չեն օգտվել աջակցությունից, անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնեն Հանձնաժողովին՝ ներկայացնելով.
1) անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը,
2) հանրային ծառայությունների համարանիշը և պատճենը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը կամ վավեր սոցիալական ապահովության քարտը և պատճենը,
3) «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ «Արցախբանկ» ՓԲԸ) բացված բանկային հաշվի մասին տեղեկանքը կամ վճարային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիրն ու պատճենը,
4) փաստացի բնակված անձը՝ նաև մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ն առնվազն վերջին երեք ամիսն Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված լինելու հանգամանքը հաստատող՝ բնակշահագործման մարմնի կամ թաղային կոմիտեի կամ տեղական ինքնակառավարման մարմնի տված փաստաթուղթը,
5) հանձնաժողովի պահանջով՝ սույն կարգի դրույթներից բխող այլ փաստաթղթեր։
*Անչափահաս կամ անգործունակ անձի համար 4-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացվում են նրա օրինական ներկայացուցչի (ծնողի, խնամակալի) կողմից։ Այս դեպքում ներկայացվում է նաև օրինական ներկայացուցչի՝ սույն կարգի 4-րդ կետի 1-3-րդ կետերում նշված փաստաթղթերը։
Դիմումները ներկայացվում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության՝ Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների 1 հասցեում գտնվող վարչական շենք:
Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքացիները կարող են գրավոր դիմումը ներկայացնել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի՝ Աբովյան 9 հասցեում տեղակայված ՄՍԾ գործակալության աշխատակիցներին:
Մանրամասների համար զանգահարեք ԱՍՄ նախարարության թեժ գիծ՝ 114 կարճ հեռախոսահամարով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

one × 3 =