Ես չեմ համարում, որ իրավիճակն ամբողջովին հանգուցալուծված է․ լարվածության օջախը, որը եղել է մինչև այս գործողությունների ծավալումը, դեռևս մարված չէ․ Տիգրան Աբրահամյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երբ հրադադար հաստատվեց, առաջին մտահոգությունը, որ ինձ մոտ եղավ, դա այն էր՝ թե ի՞նչ գին է ունենալու այդ հրադադարը, ինչի շուրջ է եղել ռազմական գործողությունների դադարեցում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.

«Իրականության մեջ այն հիմքերը, այն սպառնալիքները, որոնք կային և ռազմաքաղաքական այն իրադրությունը, որ ստեղծվել է Հայաստանի և Արցախի շուրջ, որևէ առումով նվազեցում չի ունեցել: Այս պարագայում՝ իրավիճակը շարունակում է բարձր ռիսկեր պարունակել ոչ միայն իրավիճակի հնարավոր զարգացումների առումով, այլ նաև բանակցային առումով: Սա ասում եմ նաև հաշվի առնելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները»,-ասաց Աբրահամյանը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ այդ հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանին ուղղակի ժամանակ է տրվել՝ համաձայնելու Ադրբեջանի նախապայմաններին կամ գործընթացներին, որոնք տեղավորվում են ադրբեջանական շահերի տիրույթում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ Ռուսաստանից առաջարկներ ստանալու շուրջ, պատգամավորն ասաց, թե Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ գործընթացը տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր շահերի ներդաշնակեցման շրջանակում.

«Նա փորձում է ցույց տալ, որ այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում, տեղավորվում են Հայաստանի Հանրապետության շահերի տիրույթում, ինչի հետ կապված՝ ես, բնականաբար, մեծ կասկածներ ունեմ», – ասաց Տիգրան Աբրահամյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով