Պատգամավոր Հայկ Սարգսյանը սպանության օրը եղել է նախկին պատգամավորի տան մոտ՝ սպասելով Տույին. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 11-ին Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով սպանվել էր 4 անձ, իսկ երեքը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը: Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը: Ի դեպ, կրակոցները հնչել էին հենց նախկին պատգամավորի տանը:

Սպանված պատգամավորի 3 որդիներին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, ինչը դատարանը կիրակի օրը բավարարել է: Սակայն այս պատմության մեջ կան բավականին ուշագրավ հանգամանքներ , ինչը լուրջ հետեւությունների տեղիք է տալիս: Մասնավոապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, նոյեմբերի 11-ի գիշերը քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ Տույի հետ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի տան մոտ է եղել նաեւ Աժ պատգամավոր Հայկ Սարգսյանը:

 

Լուրեր կան, որ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը նախկին պատգամավոր Սիմոնյանի տան մոտ՝ դրսում՝ մեքենայի մեջ սպասել է քրեական հեղինակություն Տույին, սակայն երբ լսվել են կրակոցի ձայները, նա դեպքի վայրից անհետացել է: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքից հետո նրան օգնել են հեռանալ Հայաստանից:

Այս տեղեկությունը փորձեցինք անձամբ պարզել Հայկ Սարգսյանից, սակայն վերջինս որեւէ կերպ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին եւ նամակներին, ու չկարողացանք իմանալ՝ եղել է արդյոք Տույի հետ Քանաքեռում դեպքի օրը եւ ինչու: Հավելենք, որ Հայկ Սարգսյանը չէր մասնակցում երեկվանից մեկնարկած Ազային ժողովի քառօրյա աշխատանքներին:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

nineteen − 9 =