Նաիրի գյուղի դպրոցում «թեժ մարտեր» են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը  գրել է.

 

«Հրապարակ»-ն արդեն գրել է, որ հինգ տարի շարունակ Արմավիրի մարզի Նաիրի գյուղի դպրոցի տնօրեն չեն կարողանում ընտրել։ Դպրոցը նախկինում ղեկավարած Տաթեւիկ Մկրտչյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է ընթացիկ տարվա ապրիլի 26-ին: Պաշտոնում մնալու համար Տաթեւիկ Մկրտչյանը տնօրենների մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել: Մրցակիցը գործընկերն է՝ աշխարհագրության ուսուցիչ Վարդան Սարգսյանը:

 

Երրորդ փուլը նոյեմբերի 12-ին էր: Այս փուլում մրցակիցների թիվն ավելացել էր: Տնօրեն դառնալու հայտ էր ներկայացրել եւս երկուսը՝ ոչ Նաիրիի դպրոցից: Ըստ դպրոցի ուսուցչուհի Գայանե Վարդանյանի՝ մրցույթը կրկին տապալվել է։ Նրա կարծիքով՝ Արմավիրի մարզպետարանը դիտավորյալ մրցութային խաղեր է տալիս՝ Տաթեւիկ Մկրտչյանին վերարտադրելու համար:

«Հրապարակ»-ի հետ զրույցը Տաթեւիկ Մկրտչյանը սկսեց ագրեսիվ տոնով, ապա ավելացրեց, որ Գայանե Վարդանյանն իր նկատմամբ անձնական թշնամանք ունի․ «Գայանե Վարդանյանն ընկած է անձնական թշնամանքի հետեւից, ամեն կերպ փորձում է ինձ վնասել, որովհետեւ իր առաջ նպատակ է դրել, որ ես չպետք է աշխատեմ որպես լեզվի եւ գրականության ուսուցչուհի, որովհետեւ ինքն էլ է նույն առարկայի ուսուցչուհի։ Երբ ես այս դպրոց աշխատանքի անցա բարձրագույն կրթությամբ, սկսեց իմ հետ ոտ մեկնել, ամբողջ կյանքում պարզապես փորձեց ինձ հետ մրցել։ Նա որս է սկսել իմ դեմ` ամենատարբեր եղանակներով, փորձում է այնպես անել, որ գյուղից ինձ հանի դուրս: Դա իր երազանքն է»։

Նա անդրադարձավ իր դեմ հարուցված երեք քրեական գործերին՝ օրինակ բերելով մեզ, որ եթե ուզի, ապա մեր «վրա էլ վաղը կկարողանա քրեական գործ բացել»։

«Այդ քրեական գործը Վարդանյան Գայանեի մտացածինն է, ինքն ինչ լսում է, գնում գրում է։ Նա տարբեր հետապնդումներ է իրականացնում, անգամ ԱԱԾ է դիմել, մարդիկ գալիս են, ստուգումներն անում են, որեւէ յուրացում չեն գտնում։ Հիմա էլի գործ կա դատարանում, ապօրինաբար այդ գործը մտցրել է դատարան, որպեսզի այդ գործը չփակվի, բոլոր քննչականներում գործերը փակվում են, Գայանե Վարդանյանը քննիչների վրա դատախազությունում բողոքներ է գրում, այդ գործերը շարունակաբար բացվում են։ Մենք գործ ունենք կլյաուզնիկի հետ, կարամ տենց ասեմ ու քաշվեմ մի կողմ»։

Նշենք՝ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչությունում Նաիրիի դպրոցի տնօրեն Տաթեւիկ Մկրտչյանի նկատմամբ այս պահին քրեական 3 գործ կա հարուցված. ՀՀ քրօր․ 311 հոդվածի 3-րդ կետի 1-ին եւ 3-րդ մասերի հատկանիշներով՝ խոշոր չափի կաշառք, 308 հոդվածի 1-ին կետի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, եւ 179 հոդված՝ յուրացում: Այս ամենին քաջատեղյակ է նաեւ Արմավիրի մարզպետարանը, որը, չգիտես ինչու, ձգձգում է տնօրենի մրցույթը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

seventeen + fourteen =