Մայր Աթոռը միջազգային հանրությանն ու կրոնական կառույցներին կոչ է անում կասեցնել ադրբեջանական ոտնձգությունները

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորը անհանգստությամբ է հետևում Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողություններին, որոնք սպառնում են վերաճելու լայնամասշտաբ պատերազմի։ Այս մասին  տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ադրբեջանը, անտեսելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանները, նոր հավակնություններ է դրսևորում այս անգամ Հայաստան պետության ինքնիշխան տարածքների նկատմամբ։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կոչ է անում միջազգային հանրությանը, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին և Քույր Եկեղեցիների առաջնորդներին՝ հասու բոլոր միջոցներով ձայն բարձրացնելու և կասեցնելու ադրբեջանական կողմի հերթական ոտնձգությունները՝ հանուն մարդկային կյանքերի փրկության և հիմնարար իրավունքների պաշտպանության, հանուն նոր ողբերգության կանխման։

Հայոց Եկեղեցին հորդորում է աշխարհասփյուռ իր զավակներին՝ զորավիգ լինելու հայրենիքին և կարելին ի գործ դնելու՝ իրենց պետությունների և միջազգային կազմակերպությունների ուշադրությանը հանձնելու հիշյալ դատապարտելի գործողությունները, որոնք վերստին ապակայունացնում են իրավիճակը տարածաշրջանում և խաթարում թանկ գնով հաստատված փխրուն խաղաղությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և հոգևոր դասը աղոթող են հայոց պետականության անսասանության, ազգի միասնականության ու ամուր կամքի և հայրենյաց պաշտպանների արիասիրտ ոգու համար՝ հաղթահարելու այս մարտահրավերները և վերականգնելու խաղաղ, ապահով և արժանապատիվ կյանքը մեր ժողովրդի»,- նշված է Մայր Աթոռի հայտարարությունում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով