Իր նկատմամբ նոր հետապնդումը Սերժ Սարգսյանն անհեթեթություն է որակել. «Փաստինֆո»

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակնհայտ է, որ այս շոուն իրականացվում է հասարակությանն ինչ- որ հարցերից շեղելու համար և ակնհայտ է, որ դա չի ստացվում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Ընդ որում՝ Հակակոռուպցիոն կոմիտեն Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել դեռևս երեք տարի առաջ հարուցված, այսպես կոչված՝ «Շաքար Սիլվայի»՝ Սիլվա Համբարձումյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։ Ըստ քրեական գործի՝ Սիլվա Համբարձումյանն իբրև կաշառք է տվել նախագահին։

Փաստաբան Ամրամ Մակինյանը մեզ հետ զրույցում քրեական գործը որակեց որպես անհեթեթություն, իսկ թե ինչու են դեռևս երեք տարի առաջ հարուցված քրեական գործի մասին հիշել միայն հիմա՝ Մակինյանի համոզմամբ՝ շոուն իրականացվում է հասարակությանն ինչ-որ հարցերից շեղելու համար, սակայն ակնհայտ է, որ դա չի ստացվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այն հարցերը, որոնք քննության առարկա են դարձվել տարիներ առաջ, դրանց պատասխանները ստացվել են և որևէ բան չի փոխվել, մի օր տեղից վեր են կենում և որոշում, որ պետք է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացնել։ Ակնհայտ է, որ ուղղված է հասարակությանը շեղելու, նոր շոու բեմադրելու։ Որևէ մեկին հիմա հնարավոր չէ շեղել հիմնական հարցերից, բոլորիս համար էլ պարզ է, թե ինչ հարցեր կան հիմա մեր երկրի առջև ծառացած»,- ընդգծեց Մակինյանը։

Սույն քրեական գործով դեռևս տարիներ առաջ է Սերժ Սարգսյանը հարցաքննվել, ինչից հետո որևէ գործողություն, որևէ նոր ի հայտ եկած հանգամանք առկա չի եղել։ Մակինյանը վստահեցրեց՝ նոր հանգամանք չկա և չի էլ կարող լինել, որովհետև, եթե վարույթն իրականացնող մարմինն ունենար փաստարկներ, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությամբ դատարան կգար։

«Այդ պայմաններում մենք կարող էինք մեր ձեռք տակ ունենալ այն ենթադրյալ ցուցմունքները, որոնք դեռևս 2018թ են հայտնել։ Այդ հանգամանքների շուրջ պարոն նախագահը հարցաքննվել է և 3.5 տարի է, ինչ որևէ առումով դրանք իրավական գնահատման չեն արժանացել, որովհետև արժանանալու իրավական հիմք չի եղել, իսկ հիմա նույն փաստերը վերհանել և գնահատական տալը ոչ այլ ինչ է, քան՝ հասարակությանը շեղելու փորձ, ինչպես նաև՝ պարոն նախագահի քաղաքական գործունեությունը զսպելու անհաջող փորձ։ Անհեթեթ իրավիճակ է »,- ասաց Մակինյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեում երեկ առաջադրված մեղադրանքի շուրջ գնահատական է հայտնել նաև Սերժ Սարգսյանն ինքը՝ որակելով գործընթացը որպես անհեթեթություն։

«Գործընթացը սկզբից մինչև վերջ անհեթեթություն է, մեռելածին գործընթաց է »,- նշեց փաստաբանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով