Գեղարքունիքում 46-ամյա տղամարդը դանակով վնասել է 90-ամյա կնոջ ձեռքը, պոկել ոսկյա ականջօղերը, վզնոցն ու կախազարդը․ գործն ուղարկվել է դատարան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վաղաշեն համայնքի 90-ամյա բնակչուհու նկատմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Վաղաշեն համայնքի 46-ամյա բնակիչը, օգտվելով համագյուղացի կնոջ միայնակ և անօգնական վիճակից, գույքը հափշտակելու դիտավորությամբ, բժշկական դիմակով դիմակավորված, հարձակվել է 90-ամյա կնոջ վրա և նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, սառը զենք չհանդիսացող դանակով վնասել է կնոջ ձեռքը, պոկել ոսկյա ականջօղերը, վզնոցն ու կախազարդը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և զգալի չափերով գույքային վնաս:

Այդ ընթացքում դեպքին ականատես հարևանուհին քարեր է նետել հիշյալ տղամարդու ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինս դիմել է փախուստի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով