«Դեպի ավելի կանաչ և մաքուր քաղաքներ» խորագրով միջազգային համաժողով՝ Երևանում.Երևանի քաղաքապետարան

 

«Դեպի ավելի կանաչ և մաքուր քաղաքներ». Երևանում մեկնարկած միջազգային համաժողովը հենց այս նպատակին էր միտված: Հայաստանում ԵՄ պատվիրակության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպված համաժողովի բացման արարողությանը ներկա են գտնվել Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության այլ անդամներ, միջազգային փորձագետներ, հյուրեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թեմատիկ քննարկումների ընթացքում համայնքային ու միջազգային կառույցների ներկայացուցիչները խոսել են քաղաքային թափոնների և կենցաղային վտանգավոր թափոնների կանխարգելման ու կառավարման ծրագրերի մասին, ինչպես նաև անդրադարձ է եղել մայրաքաղաքների վերաբերյալ ելակետային ուսումնասիրություններին, կրթական փոքր դրամաշնորհներին:

Վտանգավոր թափոնների կառավարման ու համակարգի ներդրման նպատակով Երևան համայնքը համագործակցություն է ծավալել Վարշավայի և Տիրանայի հետ: Երեք մայրաքաղաքների փոխգործակցության դրամաշնորհային պայմանագիրը Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական Միության միջև ստորագրվել է 2019թ., փոխըմբռնման հուշագիրը՝ 2020թ.: Այս համաժողովը ևս այդ համագործակցության արդյունքներից մեկն է: Նախագծով երևանյան մի շարք դպրոցներում ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում կհիմնվեն էկո ակումբներ. համաժողովի ընթացքում կրթօջախներին հանձնվեցին ենթադրամաշնորհների պայմանագրերը:

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» գործողությունների ծրագիրն ընդգրկում է մի շարք ոլորտներ: Մասնավորապես, նախագծող խումբը, համագործակցելով շահագրգիռ կողմերի հետ, նպատակադրվել է խստացնել վտանգավոր թափոնների կառավարումը՝ քաղաքային կառավարման մակարդակում քաղաքից քաղաք համագործակցության, քաղաքացիների առավել ակտիվ մասնակցության միջոցով: Ի վերջո, վնասակար թափոնների կառավարումը կվերածվի ամենօրյա գործելակերպի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով