ԱՆՀԱՊԱՂ ՍՏԵՂԾԵԼ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել,որում ասվում է.

Վերլուծելով ստեղծված իրավիճակը` կարող ենք փաստել, որ ապաշնորհ արտաքին ու ներքին քաղաքականության հետևանքով`
1 կործանման եզրին հասցվեց Արցախը: Վստահաբար կարող ենք փաստել, որ այսպես շարունակվելու դեպքում 2-3 տարում Նախիջևանի օրինակով Արցախի բնակչությունն արտագաղթելու է,
2. հարվածի տակ դրվեց բուն Հայաստանը: Այսօր կորցնում ենք Հայաստանի տարածքները, մարտեր են ընթանում երկրի ներսում,
3. սփյուռքահայությունն ու առհասարակ հայ մարդը պատվազրկվեց, կորցրեց իր ազդեցությունը, վերացվեց ազգային արժանապատվությունն ու արժեքները,
4. վարկաբեկվեց եկեղեցին` ամեն գնով հեռացվելով ժողովրդից ու երկրի համար օրհասական խնդիրների լուծմանը մասնակցելուց, խրախուսվեցին ԼԳԲՏ համայնքներն ու աղանդավորական շարժումը,
5. երկրի ներսում ժողովուրդը պառակտվեց, կեղծ օրակարգերով մոլորեցվելով` թշնամանք սերմանվեց միմյանց միջև,
6. վերացվեցին դեմոկրատական արժեքները, ուզուրպացվեցին դատական իշխանությունը, դատախազությունն ու իրավապահ մարմինները: Շեղվելով իրենց օրինական գործառույցներից` դրանք ծառայեցվեցին իշխող թիմի շահերին, ամեն գնով հաղթանակ ապահովելու համար համապետական ու ՏԻՄ ընտրություններում, առանց վարանելու, գործադրվեց վարչական ռեսուրս, ապօրինի այլ գործիքակազմ,
7. կազմաքանդվեց բանակը` քրեական հետապնդումներով, ապաշնորհ կադրային նշանակումներով և ընդհանուր անձեռնհաս կառավարմամբ,
8. իշխող սորոսական թիմն ու կցորդ պաշտոնտար անձինք ձախողեցին դաշնակցային հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և գործընկեր Իրանի հետ` պատրաստ լինելով առաջին իսկ պատեհ պահին փոխելու քաղաքական կուրսը դեպի Արևմուտք:
Ակնհայտ է, որ այս կարգի ու ծանրության աստիճանի վնաս Հայաստանին ու առհասարակ հայկական աշխարհին մինչև այժմ չէր պատճառվել բացահայտված կամ տեսադաշտում հայտնված օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալական ցանցերի կողմից:
Ստեղծվել է ծանրագույն իրավիճակ: Շարունակական ձախողումները վկայում են, որ գործող իշխանությունն անզոր է բեկել դրությունը, դրա համար չունի կադրային անհրաժեշտ ռեսուրս /մասնագետներ/, միջազգային բավարար հեղինակություն, չի վայելում ժողովրդի երբեմնի աջակցությունը, պարտված, հակառակորդի կողմից նվաստացված վարչապետը և երկրի խնդիրներից օտարված նախագահը չեն կարող արդյունավետ բանակցել, երկրի շահերը պաշտպանել:
Այս իրավիճակում անհրաժեշտ է անհապաղ ձևավորել ճգնաժամային կառավարություն կամ Պետական պաշտպանության կոմիտե` Արցախի երբեմնի օրինակով, օժտել լայն լիազորություններով, որը թույլ կտա մոբիլիզացնել ազգի ողջ ներուժն ի Հայաստան ու ի Սփյուռս:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով