Ոստիկանություն բերման ենթարկվածի մեքենայում հրազեն ու թմրամիջոց կար. երիտասարդը ձերբակալվել է

Սեպտեմբերի 30-ի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ՝ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչներից մեկը մեքենայում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է պահում։ Ոստիկանության ծառայողները 27-ամյա երիտասարդին հայտնաբերեցին Երևանի Հրազդանի կիրճում ու, «Մերսեդեսով» հանդերձ, բերման ենթարկեցին Մաշտոցի բաժին։ Օպերատիվ տվյալները ճիշտ էին։ Բերման ենթարկվածը մեքենայից ներկայացրեց գործարանային համարն ու արտադրման տարեթիվը ջնջված «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, ինչպես նաև 24 գրամից ավելի քաշով սպիտակ փոշենման զանգված, որն, ըստ բերման ենթարկվածի՝ մեթամֆետամին է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով