ՊԵԿ-ում անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի ամենամյա նիստը

 

Պետական եկամուտների կոմիտեում անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 28-րդ նիստը։ ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված՝ այս տարվա նիստը կայանում է տեսակոնֆերանսի ձևաչափով։ Այս մասին տեղեկացանք՝ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քառօրյա հեռավար հանդիպումներն անցկացնում են համակարգող խորհրդի հարկային մարմինների փորձագետները և ղեկավարները։ Քննարկումների առանցքում ԱՊՀ պետությունների հարկային մարմինների՝ անցած տարվա կատարողական ցուցանիշներն են, 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսդրության փոփոխությունները և ԱՊՀ ՀՄՂՀԽ 2021թ․ աշխատանքների ծրագրի իրագործման արդյունքերը։

Քննարկվելու է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից հաստատված «Մինչ 2030թ․ ընկած ժամանակահատվածի համար ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարությամբ» նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը։ Հաստատվելու են ԱՊՀ ՀՄՂՀԽ՝ նախորդող հնգամյա գործունեության հաշվետվությունը և համակարգող խորհրդի աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները։

Ուշադրության կենտրոնում լինելու են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարկային վարչարարության հրատապ մի շարք հարցեր։ Դիտարկվելու են աշխատանքային խմբերի առաջարկները՝ ԱՊՀ մասնակից պետության տարածքում իրականացվող հարկային ստուգմանն ԱՊՀ այլ պետության հարկային մարմնի մասնակցության պայմանների և կարգի, հարկ վճարողների շրջանում հարկային մարմինների գործունեությամբ բավարարվածության մակարդակի որոշման մեթոդաբանության, ԱՊՀ պետություններում կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրերի կիրառման պրակտիկայում առաջացող խնդիրների հնարավոր լուծումների վերաբերյալ։

Փորձագետների քննարկումների արդյունքները կներկայացվեն ԱՊՀ ՀՄՂՀԽ ղեկավարների՝ հոկտեմբերի 8-ին կայանալիք նիստին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով