Նորից ճանապարհ ընկա հերթական կարևոր հանդիպումներին: Իմ օրակարգում են հետևյալ խնդիրները.Մարուքյան

 

Այս պահին առաջնահերթություն է Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի հեռացումը, հայ ռազմագերիների օր առաջ Հայաստան վերադարձը, սահմաններում ադրբեջանական սադրանքների դադարեցումը․ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ տեղեկացնելով, որ օրակարգային մի շարք կարևոր հարցեր է ներկայացնելու միջազգային հանրությանը։

«Նորից ճանապարհ ընկա հերթական կարևոր հանդիպումներին: Իմ օրակարգում են հետևյալ խնդիրները.

1. Արցախի և Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիան, որն ամբողջովին ոչնչացրեց խաղաղ բանակցությունները, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում:

2. ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական հոդվածների բազմաթիվ խախտումները:

3. Պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են ինչպես 2016 թվականի Ապրիլյան պատերազմում, այնպես էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ Արցախի խաղաղ հայ բնակչության, հայ ռազմագերիների նկատմամբ:

4. 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում արգելված զենքի օգտագործումը (ներառյալ կասետային ռումբերն ու քիմիական զենքի տարրերը), խաղաղ բնակչության, դպրոցների և հիվանդանոցների ռմբակոծությունները:

5. Սիրիայից ահաբեկիչների տեղափոխումն ու օգտագործումը:

6. Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու ադրբեջանականացումը:

7. Արցախի և Հայաստանի դեմ անօրինական շրջափակումը, որն ուղղված է հայերի պատմական բնակության վայրի հայաթափմանը:

8. Հայերի դեմ ատելության քարոզումը ինչպես Ադրբեջանի ներսում (ներառյալ երեխաների շրջանում), այնպես էլ դրա սահմաններից դուրս, և, ըստ էության, Օսմանյան Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակությունը:

9. Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ մշտական ոտնձգությունները՝ արտահայտված ագրեսիվ հռետորաբանությամբ, պատմական ճշմարտության աղավաղմամբ, ատելության քարոզով, ինչպես նաև անմիջական ռազմական գործողություններով և ՀՀ սուվերեն սահմանների խախտմամբ:

10. Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բացումը՝ ի նշան Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության քարոզչության:

11. Ռազմագերիների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների ձերբակալությունները, խոշտանգումներն ու սպանությունները:

12. Զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների մարմինների պղծումը:

Այս և այլ հարցերի առաջ մղումն ինձ հասու բոլոր միջազգային ատյաններում շարունակվում են, որոնք միանշանակ բխում են Հայաստանի ազգային պետական շահերից:

Այս պահին առաջնահերթություն է Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի հեռացումը, հայ ռազմագերիների օր առաջ Հայաստան վերադարձը, սահմաններում ադրբեջանական սադրանքների դադարեցումը, որից հետո կարող ենք քննարկել օրակարգային մյուս բոլոր հարցերը»,- գրել է Մարուքյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով