Առողջապահության նախարարի հայտնի նորմատիվ հրամանի դեմ վարչական դատարանին դիմում ենք ներկայացրել, խնդրելով նաև կիրառել դիմումի ապահովման միջոց, այն է՝ կասեցնել հրամանի գործողությունը մինչև դատաքննության ավարտը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արա Զոհրաբյանը՝ հայտնելով, որ հայցադիմումը մակագրվել է Միքայել Մելքումյանին, Դանիել Դանիելյանին. Կարեն Զարիկյանին, Ռաֆիկ Խանդանյանին և Արմեն Ներսիսյանին և դատարանի ողջ կազմին բացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացվել։
«ՄԱԿԱԳՐՈւԹՅՈւՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈւՄ
Ինչպես արդեն գիտեք, քրեական գործով դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագիրն առգրավելու պատճառով, որոշ դատարաններում, այդ թվում՝ ՀՀ վարչական դատարանում, գործերի բաշխումը կատարում է տվյալ դատարանի նախագահը:
Առողջապահության նախարարի հայտնի նորմատիվ հրամանի դեմ վարչական դատարանին դիմում ենք ներկայացրել, խնդրելով նաև կիրառել դիմումի ապահովման միջոց, այն է՝ կասեցնել հրամանի գործողությունը մինչև դատաքննության ավարտը:
Ըստ datalex.am տեղեկությունների, մեր դիմումը մակագրվել է հետևյալ դատավորներին՝
- Մելքումյան Միքայել Գագիկի (նախագահող)
- Դանիելյան Դանիել Սամվելի
- Զարիկյան Կարեն Բարսեղի
- Խանդանյան Ռաֆիկ Գագիկի
- Ներսիսյան Արմեն Գոգոլի
Օրենսդիրն այս իրավիճակում չի թողել դատարանի նախագահի քմահաճույքին, և խաղի կանոն է սահմանել: ՀՀ դատական օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Եթե անհաղթահարելի ուժի հետևանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել
Համակարգչային ծրագրի միջոցով, ապա գործերը՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության ….. դատավորների միջև հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը:
Ներկայացնում եմ Վարչական դատարանի Երևանի նստավայրի դատավորների ցանկը ըստ ազգանունների այբբենական հերթականության՝
- Ազրոյան Ռուզաննա Արայիկի
- Այվազյան Հրաչ Մարտունի
- Առաքելյան Գրիգոր Սամվելի
- Ավագյան Արթուր Ռաֆայելի
- Դանիելյան Դանիել Սամվելի
- Դարբինյան Աղասի Սամվելի
- Զարիկյան Կարեն Բարսեղի
- Խանդանյան Ռաֆիկ Գագիկի
- Ծատուրյան Արթուր Արշավիրի
- Համբարձումյան Մերի Գևորգի
- Հարությունյան Ալեքսանդրա Ալեքսեյի
- Հարությունյան Անի Գրիգորի
- Հովակիմյան Սամվել Սերյոժայի
- Ղազարյան Արգիշտի Անդրանիկի
- Մելքումյան Միքայել Գագիկի
- Միրզոյան Արծրուն Մարտունի
- Պետրոսյան Մհեր Ղարիբի
- Սոսյան Գևորգ Միքայելի
Դատական օրենսգրքի վերոնշված կանոնից պարզ է դառնում, որ վարչական դատարանի նախագահը, եթե Մելքումյան Միքայելից է սկսել (ցանկի 15-րդը), ապա պետք է ներգրավեր հետևյալ հաջորդ չորս դատավորներին՝ Միրզոյան Արծրունին (16), Պետրոսյան Մհերին (17), Սոսյան Գևորգին (18) և Ազրոյան Ռուզաննային (1-ին, քանի որ ցուցակը 18-ով ավարտվում է և սկսվում է 1-ից):
Այս պահին չգիտենք Մելքումյան Միքայելին գործ մակագրելը համապատասխանում է ՀՀ դատական օրենսգրքի 41-րդ հոդվածի պահանջին, քանի որ չունենք բավարար չափով տեղեկություն, թե արդյոք մակագրման իր հերթն էր հասել, սակայն մյուս դատավորների մասով, մեր կարծիքով, խախտվել է այդ պարզ դատավարական կանոնը: Թե ինչու է խախտվել, արդեն մտահոգություններ են առաջացնում և կասկածներ:
Այս հիմքով բացարկ է հայտնվել դատարանի ողջ կազմին»,- գրել է Զոհրաբյանը։