Գիտեք`ԲԴԽ անդամները չե՞ն հասկանում ինչու են զրկել Խանդանյանին .Լևոն Բաղդասարյան

 

Երբ երկուհազարական թվականներին Երևանի կառուցապատման անվան տակ գերակա շահ ճանաչված տարածքների սեփականատերերին ունեզրկեցին, ընդ որում, դատական եռաստիճան համակարգով, որտեղ վերաքննիչում երեք, վճռաբեկում յոթ դատավորների կազմերով բոլորը միաձայն ստորագրում էին դատական ակտի տակ, կարծում էիք, ներքուստ համաձա՞յն էին այդ դատական ակտերին, իհարկե ոչ։ Բայց ստորագրեցին և իրենց դատական ակտերով ունեզրկեցին և սարքեցին օրենքով բոմժեր տասնյակ հազարավոր օրինապաշտ քաղաքացիների, որովհետև այդ տարիների գործող քաղաքական իշխանությունն այդպես էր ցանկանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրեր առաջ ԲԴԽ-ն, քննության առնելով դատավոր Գագիկ Խանդանյանի գործը, միաձայն որոշեց, որ դատավորը, ձեռք բերելով իքս ընկերության բաժնետոմսերը, մեկ օր անց հանձնելով հավատարմագրային կառավարման, խախտել է օրենքը, քանի որ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Կարծում եք ԲԴԽ-ի անդամները, առավելապես քաղաքացիական իրավունքի գծով անդամները, չէի՞ն տարբերակում ձեռնարկատիրական գործնեությամբ զբաղվելը` բաժնետոմս ձեռք բերելուց, ընդ որում, բաժնետոմս ձեռք է բերվում ոչ միայն գնելով, այլ նաև ժառանգություն ստանալով, իհարկե, հասկանում էին, իհարկե, գիտակցում էին, որ միջազգային իրավանորմով իրավական արգելքը պետք է լինի կանխատեսելի ու մատչելի, հակառակ պարագայում այն պետք է մեկնաբանվի հօգուտ զանցանք կամ հանցանք կատարողի։

Գիտեին, սակայն միաձայն որոշեցին ոչ ավել ոչ պակաս Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցնել, քանի որ ինչպես երկու հազարական թվականների դատավորների, այնպես էլ այսօրվա դատական իշխանության, բացառությամբ հազիվ մեկ տասնյակի հասնող դատավորների համար, դատավորի աշխատանքը պաշտոն է, հանկարծ քաղաքական իշխանության քիմքին հակառակ բան չանեն։ Մինչդեռ դատավորի աշխատանքը պետք է լինի հոգեվիճակ, ով պետք է իրականացնի արդարադատություն, անկախ նրանից, թե տվյալ քաղաքական իշխանությանն այն դուր կգա, թե՝ ոչ։

Ցանկանում եմ արձանագրել, որ վարչապետի հայտնի քաղաքական եզրույթը «վնգստացող» դատավորների մասին այնքան ժամանակ իրավունք ունի ապրելու, քանի դատավորի աշխատանքը դիտվում է պաշտոն։ Լիահույս եմ, որ մոտ, շատ մոտ ապագայում կիրագործվի իշխանության ծրագիրն ու անատամ դատավորները կհանգրվանեն դատական աղբանոցում, իսկ իրավամբ, արդարադատություն իրականացնող, մատների վրա հաշված դատավորները լինելու են դատական իշխանության հենասյունները։ Լիահույս եմ, որ այս իշխանության օրոք այն իրականացվելու, իսկ հաջորդիվ զարգանալու է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասեյակի գլխավոր տնօրեն

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով