Բյուջեից 35 մլն դրամ հատկացվեց «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի համար

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոկտեմբերի 30-ին կանցկացվի «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշար` Արմավիրի մարզի Երևան-Էջմիածնի ճանապարհահատվածի տարածքում:

Մրցաշարի կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 7-ին կայացած նիստում ԿԳՄՍ նախարարությանը պետական բյուջեի պահուստային ֆոնդից 35 մլն 710 հազար դրամ գումար է հատկացվել:

Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ հատկացված միջոցներից 15 մլն դրամը նախատեսված է մրցաշարի հաղթողների պարգևատրման, մնացածը` կազմակերպչական աշխատանքների համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մենք ունենք ՀՀ վարչապետի հանձնարարական` տարվա մեջ 4 անգամ մասսայական սպորտի զարգացումը խրախուսող մրցաշարեր կազմակերպել: Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքից հետո սա երկրորդ նման միջոցառումն է»,- զեկուցել է Վահրամ Դումանյանը` նշելով, որ մրցաշարի նպատակը սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությունն ու սիրողական կրոսավազքի դերի բարձրացումն են:

Ըստ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ներկայացրած տեղեկատվության` «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարն անցկացվելու է տարիքային երեք խմբերի համար`

  1. 15-17 տարեկան տղաներ և աղջիկներ` 3 կմ,
  2. 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ` 10 կմ,
  3. 36 տարեկանից բարձր կանայք և 41 տարեկանից բարձր տղամարդիկ` 10 կմ:

Առաջին տարիքային խմբի հաղթողները` առաջին, երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած անձինք, կստանան համակարգիչներ: Երկրորդ և երրորդ տարիքային խմբերում առաջին տեղի համար սահմանված է 1 մլն դրամ մրցանակ, երկրորդ տեղի համար` 600 հազար դրամ, երրորդ տեղի համար` 400 հազար դրամ, չորրորդ տեղի համար` 150 հազար դրամ, հինգերորդ տեղի համար` 100 հազար դրամ: Դրամական խրախուսումներ են նախատեսված նաև 6-10-րդ տեղեր գրավողների համար` 75 հազարական դրամ, 11-20-րդ տեղերի համար` 50 հազարական դրամ:

Մրցաշարին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, եթե ունեն համապատասխան տեղեկանք առողջության վերաբերյալ:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունը կիրականացնի հանրային լայն լուսաբանում` «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի մասնակցության հայտերի ընդունման, ժամկետների և կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով