Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Toyota Camry-ն ու հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան. վերջինս կողաշրջվել է, կա 5 վիրավոր

 

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Ժամը 16:30-ի սահմաններում Էրեբունի թանգարանի հարևանությամբ՝ դեպի Վարդաշեն տանող ճանապարհահատվածում, բախվել են Toyota Camry մակնիշի 23 RR 332  համարանիշի և Jinbei մակնիշի  շտապօգնության ավտոմեքենան:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով  5 հոգի  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարված Toyota-ի վարորդը, քաղաքացիներն ու ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:

 

Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է   հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ.Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտպաօգնության տնօրենի տեղակալ Վահե Միրիջանյանը:  Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը  հայտնում է նաև, որ շտապօգնության ավտոմեքենան հիվանդ էր տեղափոխում, սակայն պարզվելու է՝ արդյոք միացված են եղել լուսաձայնային ազդանշանները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով