Որպեսզի հերթական անգամ չսխալվենք, փորձենք հայացքներս ուղղել Հայոց պատմության ոչ վաղ անցյալի գլխավոր շրջադարձային երկու փուլերին.Կարեն Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն  Ճշմարիտյանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրել  է.

Մի’ զարմացեք
Շատ հին ու մաշված ասույթ կա.
ասում են՝
«Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը…»։
Սրան հետևելով, Հայ հասարակության մեջ վերջին տարիներին դրսևորվող բոլոր զազրելի դրսևորումների արմատները որոշ մարդիկ փնտրում են հենց ժողովրդի մեջ, մեղադրելով և ասելով՝
«Արդար է…»։
Կարելի է ենթադրել, որ այսպես արտահայտվողներն իրենք իրենց վրա բարձյալի առաքելություն են վերցրել, և «որոշում են», թե ինչն է այս աշխարհում արդար, և ինչն անարդար։ Սակայն խնդիրն ամենևին էլ դրանում չէ՝ միգուցե մի քիչ ինքնահավան են, հնարավոր է՝ ոչ լավատեղյակ, կամ հուզական են՝ ոչինչ… Սա անցողիկ է։
Գլխավոր մոլորությունն այն է, որ մեր ժամանակակիցներից ոմանց թվում է, թե մեր ժողովուրդը երբեք այսպիսին չի եղել, և սկսում են մեղադրել պայմանական 20 տարին, 30 տարին, 70 տարին, 200 տարին, 700 տարին, և այլն։ Մասնավորապես, իբր Հայ ժողովրդի մեջ երբեք չեն եղել այսքան անտարբերներ, այսքան ապազգայիններ, այսքան պատեհապաշտներ, այսքան անհայրենիք չարակամներ, տգետներ, կամ դավաճաններ ու բացահայտ թշնամիներ։
Որպեսզի հերթական անգամ չսխալվենք, փորձենք հայացքներս ուղղել Հայոց պատմության ոչ վաղ անցյալի գլխավոր շրջադարձային երկու փուլերին, և կարծում եմ՝ կհամոզվենք, որ ժողովուրդն իր ժամանակի մեջ միշտ էլ նույնն է, և բացառապես ժողովրդին առաջնորդող գաղափարներից ու գաղափարակիրներից է կախված նրա այս կամ այն հատկանիշների հավաքական դրսևորումների քանակն ու որակը։
Շատ հեռուն չգնանք.
պարզապես վերհիշենք 1915 թվականը, կամ՝ այն, որ 1937 թվականին իրենց ազգակիցների և հայրենակիցների վրա մատնագրեր հեղինակողները, գրողները, կամ նրանց խոշտանգողներն ու գնդակահարողները այսօրվա սերնդի նախնիներն էին… Ընդ որում՝ հենց այն նույն սերնդի, որը հետագայում աչքի ընկավ սփյուռքում, կառուցեց Հայաստանը, իսկ նրանց դաստիարակած ժառանգները ազատագրեցին Արցախն ու զարգացրեցին արդեն անկախ Հայաստանը։
Վերոնշյալը հուշում է մեկ բան.
եթե ժողովրդին առաջնորդում են դրական, հերոսական, առաջադեմ ու ազգային գաղափարներ կրողները (թեկուզ՝ որոշ թերություններով ու բացթողումներով, բայց նվիրյալ, պրոֆեսոնալ ու հայրենասեր), ապա ժողովուրդն ունակ է լուրջ նվաճումների, սխրագործությունների, և գրանցում է առաջընթաց։
… Եվ հակառակը՝
եթե առաջնորդում են բացասական ու մերժողական, կամ Աստված մի արասցե՝ դավադիր գաղափարների կրողներն ու իսպառ անգաղափար մարդիկ, ապա ժողովուրդը մեծ մասամբ վերածվում է կենսաբանական զանգվածի, որի համար չկան ոչ ազգ, ոչ սրբություններ, ոչ վեհարժեք գաղափարներ, ոչ էլ՝ դրական ձգտումներ։ Որպեսզի կանխվեն՝ «… այդ դեպքում ինչու՞ այսպիսի ողբերգական հանգրվանի հասանք… » և նմանատիպ ենթատեքստով հարցերը՝ պետք է նշել, որ ժամանակակից բազմաստանդարտ, ծռմռված ու մանիպուլյացիոն տեխնոլոգիաներով գերհագեցած «ժողովրդավարության» պարագայում միշտ չէ, որ հենց ժողովուրդն է ի սկզբանե որոշում, թե ով կարող է առաջնորդել իրեն։ Դա պարզապես պատրանք է։
Տրամաբանական եզրահանգումը միակն է.
ոչ թե՝ «Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը…»,
այլ՝
«Ինչպիսին տվյալ ժամանակի իշխանությունն է, այնպիսին էլ՝ ժողովուրդն է, և ոչ երբեք հակառակը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով