Ողբերգական ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. «ՈՒԱԶ»-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է

 

 

shamshyan.com-ը   գրում է.

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սիրեկանյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով երեկ՝ սեպտեմբերի 9-ին, հարուցվել է քրեական գործ։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 7-ին, ժամը 23։30-ի սահմաններում ՈՒԱԶ 452 մակնիշի ավտոմեքենան Զառիթափ բնակավայր տանող հին ճանապարհին՝ զառիթափ հատվածում, հողի շերտի վրա առաջացած սահքի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, կողաշրջվել և մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Վայոց Ձորի մարզի բնակիչներ՝ 40-ամյա Վահե Բաբայանն ու 39-ամյա Արայիկ Արզումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայք» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Արզումանյանը աշխատում է ոստիկանության Վայքի բաժնի հերթապահ մասի ձերբակալվածների պահման վայրում՝ որպես ոստիկան։ Սեպտեմբերի 8-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Վայքի բաժին, որ Վ. Բաբայանը մահացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն։

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով