Սահմանային բնակիչների կյանքի իրավունքը խախտված է. ՀՀ ՄԻՊ

 

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը խորհրդարանում քննարկման ժամանակ ներկայացրեց այն սոցիալական խնդիրները, որոնք առաջացել են սահմանամերձ դարձած բնակավայրերում՝ ադրբեջանցի զինվորականների ներկայության պատճառով:

Արման Թաթոյանն ընդգծեց, որ սահմանային բնակիչների կյանքի իրավունքը խախտված է.

«Խոսքը վերաբերվում է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից պարբերական կրակոցներին, որոնք դարձել են թիրախային, այսինքն՝ տների ուղղությամբ են անգամ կրակում: Ադրբեջանցի զինվորականների ներկայությունն ինքնին կյանքի իրավունքի խախտում է, մեր երկիրը լիարժեք իրավունք ունի կյանքի իրավունքի խախտման վերացման պահանջներ ներկայացնելու»,-ասաց Թաթոյանը:

Նրա խոսքով՝ լուրջ խնդիր է նաև ադրբեջանցի զինվորականների հարձակումները քաղաքացիական անձանց, հատկապես՝ հովիվիների վրա.

«Մարդիկ իրենց հողն են մշակում, ադրբեջանական զինվորական ուժերը անօրինական կերպով իջնում են իրենց դիրքերից, մտնում են մեր տարածք և մարդկանց ասում են՝ սա մեր տարածքն է և ուղղակի չեն թույլ տալիս բերքահավք իրականացնել»,-ասաց ՄԻՊ-ը:

Արմեն Թաթոյանի արձանագրմամբ՝ բազմաթիվ են նաև սեփականության իրավունքի խախտման դեպքերը.

«Մասնավոր սեփականատերերի պատկանող բազմաթիվ հողեր, համայնքային սեփականության հողատարածքներ, վարձակալած հողատարածքներ գտնվում են ուղիղ Ադրբեջանի վերահսկողության տակ, շատ դեպքերում իրենք ֆիզիկապես ներկա են այդ վայրերում: Խոսքը միայն մայիսի 12-ի և 13-ի ներխուժումներին չի վերաբերվում, դրանից առաջ էլ էր այդպես: Նրանք ֆիզիկապես ներկա են մարդկանց՝ կադաստրային փաստաթղթերով տրամադրված հողատարածքներում, տներում»,-ասաց Թաթոյանը:

ՀՀ ՄԻՊ-ը նաև ընդգծեց, որ ճանապարհներին և գյուղերի հարևանությամբ ադրբեջանցի զինվորականների ներկայությունը սահմանափակել է բնակիչների տեղաշարժերը և երբ մարդիկ մի փոքր փորձում են մոտենալ, ադրբեջանցիները սկսում են կրակել:

Թաթոյանի խոսքով՝ Հայաստանում կան գյուղեր, որտեղ խմելու և ոռոգման ջուր չկա, քանի որ շատ ջրավազաններ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:

ՀՀ ՄԻՊ-ը միևնույն ժամանակ ընդգծեց, որ ադրբեջանցիների գործողությունները գնալով ավելի ինտենսիվ են դառնում. «Անգամ, եթե նրանք մեկ շաբաթ ոչինչ չձեռնարկեն, այդ հարցերը չեն լուծվելու, եթե անգամ մեկ ամիս չկրակեն, միևնույն է նրանց ներկայությունն արդեն կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում է»,-ասաց Թաթոյանը և հավելեց, որ այս ամենի պատճառն անպատժելիությունն է.

«Նրանք հստակ տեսնում են, որ ինչ էլ անում են, չեն պատժվում, ընդհակառակը՝ իրենց իշխանությունները միայն խրախուսում են։ Ակնհայտ է մեկ բան` նրանք չեն հանգստանալու, եթե մենք ինքներս պաշտպանության ամուր երաշխիքներ չներդնենք»,-ասաց ՄԻՊ-ը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով