Փաշինյանի տիկինը պատերազմի օրերին Արցախում ասել է, որ Ռուսաստանը մեր թշնամին է. Մետաքսե Հակոբյան. 168 TV

 

 

 

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վստահեցնում է՝ Արցախում կատարվող շինարարական աշխատանքները կապ չունեն բնակարանաշինության հետ, պարզապես գումարները ծախսվում են որոշակի շենքերի արտաքին հարդարումների համար, որովհետև ըստ նրա՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շրջապատը նման բիզնես ունի:

«Իբր շինարարություն է կատարվում, բայց մարդիկ անտուն են, և գնալով այդ վիճակն անտանելի է դառնում: Երբեմն ուղղակի վախենում ես փողոց դուրս գալ, որովհետև հաշիվն արդեն կորցրել եմ, թե որքան քաղաքացի է ինձ դիմում: Մարդկանց մեծ մասը տուն չունի, մարդիկ հայտնվում են փողոցում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ թեպետ Հայաստանի և Արցախի իշխանությունները հայտարարում են, որ Արցախում սոցիալական ծրագրեր են իրականացվում, որևէ սոցիալական խնդիր այս մեկ տարվա ընթացքում Արցախում չի լուծվել.

«Կեղծ, սուտ պաթոս, պոպուլիզմ, որն իրենք տարածում են՝ չգիտեմ՝ որ լսարանի համար, բայց որևէ խնդիր Արցախում լուծված չէ՝ ամենատարրական սոցիալական խնդիրներից, գործազրկության մեծ ծավալից: Մարդիկ հուսահատված են: Շուշիի բնակչուհու վերաբերյալ լուր տարածվեց, որ երեխաների հետ ուզում է վերադառնալ այնտեղ. Այդպիսի հուսահատված մարդկանց գնալով շատ կտեսնեք Արցախում: Այն տեսահոլովակները, այն նյութերը, որ տեղադրվում են այսօր դրսի լսարանի համար, որևէ աղերս չունեն իրականության հետ: Այն եթերները, որ անում էր նախկին սոցապնախարար Թանդիլյանը, որևէ աղերս չունեն իրականության հետ»:

Մետաքսե Հակոբյանն ընդգծեց՝ ՀՀ գործող իշխանություններն Արցախի վերաբերյալ գործընթացներից դուրս են եկել ոչ թե պատերազմից հետո, այլ հենց դրա համար են եկել իշխանության, որ փակեն Արցախի հարցը և Հայաստանին դուրս բերեն այդ գործընթացներից. «Այո, իրենք դուրս են եկել և որևէ կապ չունեն Արցախի հետ, բացի այն պաթոսային հայտարարություններից, որ երբեմն-երբեմն անում են»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով