Մխիթար Զաքարյանի ձեռքը կրկին պետք է վիրահատվի. Թովմասյանը այցելել է կալանավորված պատգամավորներին

 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Թագուհի Թովմասյանն ու Տարոն Մարգարյանը երեկ այցելել են կալանքի տակ գտնվող «Հայաստան» դաշինքի պատգամավորներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պետք է ընդգծեմ, որ երկու պատգամավորներն էլ ընկճված չէին, ֆիզիկապես առողջ էին, իսկ խոսակցություններից պարզվեց՝ ակտիվ հետևում էին ներքաղաքական զարգացումներին և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին»,–ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Թագուհի Թովմասյանը: Պատգամավորը վստահեցնում է՝ Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի միակ անհանգստությունը Սյունիքի գլխին կախված վտանգներն են: «Արթուր Սարգսյանը վստահեցրեց, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է։ Մեր գործընկերոջ միակ անհանգստությունը Սյունիքի գլխին կախված վտանգներն էին, որոնց տարբեր դրսևորումներին ականատես ենք լինում:

Մխիթար Զաքարյանը ևս հետաքրքրված էր ու մտահոգ Սյունիքի անվտանգության թեմաներով, մեր զրույցի ընթացքում անընդհատ հարցնում էր՝ Սյունիքի մասով ինչ նորություն կա, ինչ ապագա է սպասվում: Վստահեցրեց, որ այսօր բոլորի, բոլոր հայերի համար դա պետք է լինի մտահոգիչ, իսկ մնացած խնդիրները հաղթահարելի են։ Իսկ երբ հետաքրքրվեցինք 44-օրյա պատերազմի ընթացքում նրա ստացած վնասվածքներից, Մխիթար Զաքարյանը պատմեց, որ ձեռքը կրկին վիրահատելու անհրաժեշտություն կա. երկաթները պետք է հանվեն մարմնից:

Ես տեղում ՔԿՀ ղեկավարությունից հետաքրքրվեցի, թե ինչ քայլեր են անում Զաքարյանի վիրահատությունը կազմակերպելու համար, և ինձ հավաստիացրին, որ վիրահատությունն առաջիկայում կկազմակերպվի, և որ հարցը փաստաթղթերի հավաքագրման փուլում է: Այս հարցում հետևողական եմ լինելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետաքրքրական է, որ մեր գործընկերների առաջնային և գլխավոր մտահոգությունը մեր Սյունիքն է՝ մեր երկրի ողնաշարը, որի անվտանգության մասին մտածում են բոլոր դեպքերում՝ նույնիսկ գտնվելով կալանքի տակ»,- գրել է պատգամավորը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով