Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է. ոստիկանություն

Սեպտեմբերի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին վրաերթի էր ենթարկել 75-ամյա մի կնոջ։ Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ մահացել էր:
Դեպքի առթիվ սեպտեմբերի 15-ին Սևանի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, հանցագործությունն արագ բացահայտելու նպատակով, համագործակցեցին Սևանի բաժնի քրեական հետախույզների հետ։ Համալիր միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ «Մերսեդես» մակնիշի իր մեքենայով Իջևանից Երևան ընթանալիս 75-ամյա կնոջը վրաերթի էր ենթարկել մայրաքաղաքի Մազմանյան փողոցի 60-ամյա մի բնակիչ։
Բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 16-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանություն և տվեց խոստովանական բացատրություն։
Նա ներկայացվել է Սևանի քննչական բաժին և ձերբակալվել։
Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով