Կյանքը՝ էժան, ապրուստը՝ թանկ.Անդրանիկ  Թևանյան

 «Հայաստան» դաշինքի  պատգամավոր   Անդրանիկ  Թևանյանը   ֆեյսբուքյան  իր էջում գրում  է.

Այն, որ Հայաստանի ու Արցախի քաղաքացու կյանքն իշխանությունները էժան են գնահատում կամ ընդհանրապես չեն գնահատում, երևաց պատերազմի օրերին: Հայտարարվում էր, որ օդը փակ է, բայց մերոնց ուղղարկում էին չպաշտպանված օդի տակ զոհվելու՝ թուրքական բայրաքթարների տակ:
Այլ է պատկերն ապրուստի առումով: Այն թանկացել է:
Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 6,4 տոկոսով: Մարդկային լեզվով ասած՝ գներն աճել են այդքանով:
Առանձին վերցրած սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 9,3 տոկոսով:
Կենտրոնական բանկն էլ իր հերթին արձանագրել է, որ 12 ամսվա կտրվածքով ունենք 8,8 տոկոս գնաճ, որը մեղմելու նպատակով 0,25 տոկոսով ավելացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն դարձնելով 7,25 տոկոս:
ԿԲ-ն, ըստ այդմ, թանկացրել է փողի, այն է՝ վարկի գինը: Տնտեսագիտության մեջ դա կոչվում է զսպող դրամավարկային քաղաքականություն: Այսինքն՝ խոչընդոտվում է տնտեսական ակտիվությունը:
Սրան զուգահեռ տարադրամի շուկայում արձանագրվում է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեվորման գործընթաց: Սա իր հերթին խփում է արտահանմանը:
Եվ այսպես, ԿԲ-ն սեղմում է տնտեսական ակտիվությունը, կառավարության գործողությունները միտված են հարկերի բարձրացմանը, գները, անկախ ամենից, շարունակում են աճել կամ լավագույն դեպքում չեն իջնում: Տուժում է բիզնեսը, տուժում է սպառող քաղաքացին: Կառավարությունը ոչինչ կամ գրեթե ոչինչ չի անում վիճակը փոխելու ուղղությամբ: Ահա այսպիսի «Ապագա կա ապագա» պատկեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով