Կուսակցաշինական բում է սպասվում . «Հրապարակ.»

«ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կրկին կուսակցաշինական բում է նկատվում, վերջին շաբաթվա ընթացքում երեք-չորս կուսակցություն է գրանցման հայտ ներկայացրել արդարադատության նախարարություն։ Խոշորացված համայնքներում ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ որեւէ անհատ, անկուսակցական անձ, թեկուզ գյուղում շատ հարգված նախկին համայնքապետ, չի կարող միայնակ առաջադրվել, պետք է կուսակցության ցուցակ գլխավորի։

Օրինակ, այսօր Արարատի մարզի «Արարատ» ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահում տեղի է ունենալու «Օրենք եւ արդարություն» կուսակցության հիմնադիր համագումարը, սեպտեմբերի 12-ին Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահում էլ «Ամբերդ» անունով ազգայնական կուսակցության հիմնադիր համագումարն է նախատեսված, հոկտեմբերի 5-ին «Էլիտ Պլազայում» նշանակված է «Քրիստոնեասոցիալական միություն» կուսակցության հիմնադիր համագումարը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սրանք ՏԻՄ-երին մասնակցության հայտեր են։ Քաղաքական շրջանակների հետ մեր զրույցներից պարզ է դառնում, որ ընտրություններին մասնակցելու նպատակով շատերն են մտադիր կուսակցություն հիմնել։ Մարդիկ, որոնք հեղինակություն եւ սեր են վայելում իրենց համայնքներում, չեն ուզում ո՛չ ներկաների, ո՛չ նախկինների հետ պայքարի դուրս գալ»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով