ՀՀ իշխանությունների, ներդրումների և այլ թեմաների շուրջ հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ

 

«Sputnik Արմենիա»-ի հարցազրույցը «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հետ

-«Տաշիր» ընկերությունը հայաստանում իրականացնում է մեծ թվով նախագծեր տարբեր բնագավառներում, և ընդհանուր առմամբ՝ ակտիվ դերակատարություն ունի Հայաստանի տնտեսական կյանքում։ Որքան էլ խոսենք բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին, այդուհանդերձ հասկանալի է, որ երկրի քաղաքական ղեկավարության հետ հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն։ Այդ իմաստով ինչպե՞ս են Ձեր հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ։

– Նորմալ, աշխատանքային հարաբերություններ են։

– Հաճա՞խ եք շփվում, ի՞նչ մակարդակի են Ձեր շփումները։

– Բարձր մակարդակի, բայց ոչ հաճախակի։

– Դուք այն անձանցից եք, որ 2020 թվականին գրավ տրամադրեցիք Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար։ Ո՞րն էր այդ քայլի նպատակը։

– Ռոբերտ Քոչարյան ասելով`մենք պետք է հասկանանք, թե ում մասին է խոսքը։ Ռոբերտ Քոչարյանը եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահը, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը և ամենակարևորը` Հայաստանի հաղթանակի կերտողներից մեկը, հետևաբար երբ նման հնարավորություն կար՝ ես անպայման պետք է մասնակցեի։ Ընդհանրապես՝ ոչ մի անգամ չեմ թաքցրել իմ լավ հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ։ Դրա համար էլ այդպիսի խնդիրներ չունեի։

– Իշխող ուժի արձագանքն ինչպիսի՞ն էր Ձեր այդ քայլին։

– Ոչ մի արձագանք։

– Դրանից հետո իշխանությունների հետ հարաբերություններում ոչինչ չի՞ փոխվել։

– Ոչինչ։

– Շատ գործարարներ ձգտում են զբաղվել քաղաքականությամբ։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված։

– Ամբիցիաների խնդիր է։

– Դուք չե՞ք պատրաստվում մտնել քաղաքականություն։

– Ոչ մի դեպքում։ Ինձ դուր չի գալիս։ Ես զբաղվում եմ իմ գործով։

– 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ապրում է բավականին դժվար ժամանակաշրջան թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության, թե՛ ներքին համերաշխության տեսանկյունից։ Տնտեսական բաղադրիչին զուգահեռ Դուք ունե՞ք այս իրավիճակից դուրս գալու Ձեր բանաձևը, բաղադրատոմսը։

– Նման բաղադրատոմս ունենալու համար պետք է շատ ինֆորմացիա ունենալ, քանի որ այսօր բարդ իրավիճակում ենք հայտնվել, իսկ ինֆորմացիան շատ քիչ է, որպեսզի միանգամից կազմենք բաղադրատոմս։ Ուզում եմ, որ հասկանանք` միևնույն է, գլխավոր խնդիրն այն է, որ պետք է շատ լուրջ զբաղվենք Հայաստանի տնտեսությամբ։ Վերջին պատերազմը ցույց տվեց, որ դա ընդհանուր առմամբ հարուստի և աղքատի կռիվ էր, քանի որ ադրբեջանցիները գնալով հարստանում էին և կարող էին իրենց թույլ տալ գնել ժամանակակից սպառազինություն, իսկ մենք գնում էինք, ինչ կարողանում էինք, դրա համար էլ չկարողացանք հավասարը հավասարի պես պայքարել։ Այսօր շատ կարևոր է, որ զբաղվենք մեր երկրի տնտեսությամբ։

– Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի տնտեսության ներկա վիճակը։

– Քանի որ Հայաստանի տնտեսությունը բաղկացած է շատ մանր, տարբեր ձեռնարկություններից, կարող եմ ասել, որ տնտեսությունը կայուն է, բայց թռիչքային զարգացման համար դա շատ քիչ է։ Պետք են նոր մեթոդներ, նոր մոտեցումներ և լուրջ աշխատանք։

– Այս իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում տնտեսության զարգացումը, քանի որ այսօր դրսից ներդրումների շատ քիչ հնարավորություններ ունենք։

– Առաջին հերթին պետք է կարողանանք համախմբել ամբողջ աշխարհի հայ գործարարներին Հայաստանի շուրջ։ Եթե դա կարողանանք անել, ուրեմն կունենաք շատ լուրջ ակնկալիքներ, հակառակ դեպքում կունենաք այն, ինչ արդեն ունենք։

– Որքանո՞վ եք մտադիր Հայաստանում ընդլայնել Ձեր էներգետիկ ակտիվները, այդ թվում` արևային և հողմակայաններ տեղադրելու առումով։

– Դա կախված է էներգետիկ բալանսից։ Այնպես չէ, որ մենք ուզենք արևային կայաններ կառուցել ու գնանք կառուցելու։ Գոյություն ունի կարգավորող հանձնաժողով, որը հաստատում է էներգետիկ բալանսը և այդտեղ հաշվառվում է, թե որքան կայաններ պետք է լինեն, որքան հողմային և որքան գազով աշխատող։ Դա մեզանից կախված չէ, բայց եթե նման հնարավորություն լինի, ուրախությամբ կմասնակցենք։ Հույս ունեմ, որ տնտեսությունն աստիճանաբար կզարգանա, և անպայման նման կայանների կարիքը կլինի։

– Կարգավորող հանձնաժողովի հետ աշխատանքներն ինչպե՞ ս են ընթանում։

– Աշխատանքային նորմալ հարաբերություններ են։

 

– Հասարակ քաղաքացին այսօր հետաքրքրված է էլեկտրաէներգիայի սակագնով, և հաճախ հնչում են կարծիքներ, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը պատկանում են հայի, բայց մենք երբեմն սակագնի բարձրացում ենք ունենում։ Առաջիկայում ի՞նչ կարելի է սպասել սակագնի փոփոխության առումով։

– Սակագնի մեջ Հայաստանի էլեկտրական ցանցերը մաս են կազմում։ Սակագինը կախված է երկու բաղադրիչից` էլեկտրաէներգիայի արտադրությունից և սպառումից։ Մենք երկրորդ մասի պատասխանատուն ենք։ Կարող եմ մեր մասով ասել, որ մինչև 2047 թվականը Հայաստանի էլեկտրական ցանցերը իրենց մասով չեն բարձրացնելու սակագինը, բայց դա չի նշանակում, որ սակագինը չի բարձրանա։ Դա արտադրողներից ավելի շատ է կախված, քան մեզանից։

– 2016 թվականին Երևանում բացվեց հաշվիչների և բաշխիչ պահարանների արտադրությունը։ Բացման ժամանակ հայտարարվեց, որ դրանում զբաղված է լինելու 500 աշխատակից։ Որքանո՞վ եք հասել այդ ցուցանիշին։

– Այսօր գործարանում մոտավորապես աշխատում է 400 մարդ, բայց տեղադրողների մասով այդ թիվը հասել է մոտավորապես 6000-ի։ Գործարանը գնալով զարգացնում է իր հզորությունները, ներդնում ենք նոր հոսքագծեր։ Հուսով եմ, որ թիվը շատ ավելի մեծ է լինելու։

– Կա՞ արդյոք հոսքագիծն ընդլայնելու և տեղում բաղադրիչներն արտադրելու ու արտահանելու հնարավորություն։

– Մենք մշակել ենք նոր չորս տեսականի, որը մինչ օրս Հայաստանում չի արտադրվել։ Մեկ գործարան մի քանի ամիս առաջ բացեցինք Տաշիրում։ Դա ժամանակակից կաբելի գործարան է, որը ներկայում աշխատում է երեք հերթափոխով։ Դրա համար էլ հույս ունեմ, որ մյուս գործարանները նույնպես կունենան նման հաջողություն։ Թեև արտահանման հնարավորության առումով դա շատ մեծ պահանջարկ ունեցող արտադրանք է, բայց մենք դեռ չենք հասցնում բավարարել ամբողջ Հայաստանի պահանջարկը։ Զարգացնելով գործարանի հզորությունները` մենք անպայման կունենք արտահանման շատ լուրջ ծավալներ։

– Արտադրական ի՞նչ նոր ձեռնարկություններ եք պատրաստվում բացել Հայաստանում։

 

– Մեզ մոտ գործընթացը միշտ շարունակական է։ Շատ շուտով բացելու ենք կոշիկի շատ ժամանակակից արտադրություն։ Արդեն մեկնարկել է փորձնական նմուշների արտադրությունը, և մեկ ամսվա ընթացքում գործարանն արդեն կսկսի ամբողջ ուժով աշխատել։

– Հայաստանում ի՞նչն է խանգարում բիզնեսին։

 

– Փողի պակասը։ Գումար և ցանկություն ունենալու դեպքում ոչ մի խնդիր չկա ու չի էլ եղել։

– Բիզնես-պետություն տարանջատումը գործու՞մ է։

– Միշտ չէ, որ բիզնեսը կամ բիզնեսմենը այդքան կապ ունի պետության հետ։ Մարդիկ պետք է իրենց գործն անեն։ Շատ քիչ բիզնեսներ են կախված պետությունից։ Առավել ևս Հայաստանի բիզնեսների, կարելի է ասել, շատ քիչ տոկոսն է կախված պետությունից։ Հայաստանում չի կարող լինել այնպիսի կառավարություն կամ այնպիսի ղեկավարություն, որը դեմ կլինի նոր ներդրումներին, նոր հիմնարկների զարգացմանը։ Դրա համար այդ տեսակետը մի քիչ գերագնահատված է։

– Այսօր շատ է խոսվում տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման մասին։ Դա որքանո՞վ է ձեռնտու Հայաստանին և ի՞նչ կտա մեզ։

– Ես ունեմ ինֆորմացիայի պակաս, բայց հնչում է շատ լավ։ Կոմունիկացիաների ապաշրջափակում Հայաստանին իրոք անհրաժեշտ է։ Մենք չենք կարող նորից ապրել շրջափակման մեջ։ Այդուհանդերձ պետք է հասկանալ՝ ինչ գնով։ Ինչ ենք դրա համար վճարում։ Եթե ունենանք այդ ինֆորմացիան, նոր կարող ենք գնահատել` մեզ դա պե՞տք է, թե՞ ոչ։ Մի բան պարզ է, որ ոչ մի երկիր չի կարող զարգանալ շրջափակման մեջ։

– Որքանո՞վ է Հայաստանն այսօր օգտագործում Սփյուքի ներուժը։

 

– Սփյուռքի հնարավորությունները մի քիչ գերագնահատված են, Սփյուռքի հետ աշխատանքը լավ կազմակերպված չէ և այդպես եղել է միշտ։ Արվում է այն, ինչ արվում է։ Բոլոր իշխանություններն էլ փորձում են ինչ-որ հանդիպումներ կազմակերպել, ինչ-որ լավ բան անել։ Այդ առումով ավելի գործնական քայլեր կատարում էր Սերժ Սարգսյանը։ Սփյուռքի բիզնեսմենները մի քիչ բարդ անձինք են։ Պետք է վերստին ապահովել նրանց զգացական կապը Հայաստանի հետ, ինչը հիմա փորձում են անել։ Եթե այդ զգացական կապը չլինի, ապա Հայաստանի իշխանությունները ինչ էլ փորձեն անել, միևնույնն է, նրանք գտնելու են ավելի հեշտ, ավելի շահութաբեր շուկաներ և այնտեղ են կատարելու իրենց ներդրումները։

– Այսօրվա Հայաստանի տնտեսության մոդելը փոխելու անհրաժեշտության կա՞։

– Փոխելու անհրաժեշտություն միշտ էլ կա, բայց դրա հնարավորությունը կա՞, թե՞ ոչ։ Դրա համար փող կա՞։ Տնտեսությունը փոխելու, զարգացնելու գլխավոր հարցը փողի առկայությունն է։ Եթե կա, ուրեմն ամեն ինչ հնարավոր է անել։ Փողը գտնելու համար Հայաստանը պետք է դառնա շատ լավ գործընկեր աշխարհի մեծ պետությունների, կորպորացիաների համար։ Այդ առումով պետք է շատ լուրջ աշխատանք կատարել։
Եթե չկարողանանք ցույց տալ, որ վստահելի գործընկեր ենք թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով, ապա կունենանք տարեկան ընդամենը 5-6 տոկոս աճ և դրանով կուրախանանք, մինչդեռ Հայաստանին պետք են 20+ տոկոսներ, որ գոնե հինգ տարի հետո ունենք որակապես ուրիշ երկիր։ Իսկ դա միշտ էլ հնարավոր է։ Եթե մի ընկերություն կարող է իր համար ապահովել 20–50 տոոկոս աճ, ինչու հնարավոր չէ դա ապահովել` ունենալով նման լուրջ պետական ռեսուրսներ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով