Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարների հանդիպումը

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:

Նախարարներ Միրզոյանը և Խրիստոդուլիդեսն անդրադարձել են հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, և պատրաստակամություն հայտնել առավել ընդլայնել փոխգործակցությունը: Այս առումով որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներ են առանձնացվել առևտրատնտեսական, պաշտպանության, կրթության, զբոսաշրջության ոլորտները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քննարկվել են երկկողմ, եռակողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի կառավարությանը Հայաստանի ու հայ ժողովրդի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աջակցության ու համերաշխության համար։

Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Այդ առնչությամբ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել եղբայրական Կիպրոսի սկզբունքային դիրքորոշումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով