Գերեվարվածին տվել են 10 վայրկյան՝ ուտելու համար, թքել են սննդի մեջ և ստիպել են այդպես ուտել. Թաթոյան

 

 

Ադրբեջանում գերության մեջ գտնվող թե քաղաքացիական, թե զինվորական անձինք ենթարկվել են խոշտանգումների, այդ թվում՝ հոգեբանական։ Ընդ որում, այն ադրբեջանցիները, որոնք լավ են վերաբերել գերիներին, պատժվել են։ ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է վերլուծություն, որը վերաբերում է Ադրբեջանի պատասխանատվությանը՝ հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար ապացույցների վրա հիմնված։

Թաթոյանը տեղեկացրեց՝ թե քաղաքացիական անձինք, թե զինծառայողները համակարգված ենթարկվել են համակարգային խոշտանգման։ Նրա փոխանցմամբ՝ խոշտանգումները եղել են ինչպես էթնիկ, այնպես էլ՝ կրոնական պատկանելիության հիման վրա։

«Խոսքը վերաբերում է ոչ միայն ֆիզիկական ցավ ու տառապանք, այլև հոգեկան տառապանքներ պատճառելուն։ Ընդ որում հատուկ պատժի են ենթարկվել նաև՝ ըստ փաստերի, այն ադրբեջանական զինծառայողները, բանտի աշխատողները, որոնք փորձել են նույնիսկ մի փոքր լավ վերաբերվել ռազմագերիներին և քաղաքացիական անձանց»։

Հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանում կիրառված խոշտանգումներից մանրամասներ ներկայացնելով՝ ՀՀ ՄԻՊ֊ը հայտնեց, որ եղել են դեպքեր, երբ ջուր կամ սնունդ տրամադրել են միայն ծեծելուց կամ ստորացնելուց հետո, ուտելիքը գցել են գետնին և ստիպել ուտել գետնից, տևական ժամանակ քաղցած են պահել, ապա գերիների աչքի առաջ սնունդը գցել աղբարկղը կամ 10 վայրկյան ժամանակ են տվել՝ ուտելու համար, ձմռանը ստիպել են գերիներին քնել՝ անգամ մերկ վիճակում՝ կապված ձեռքերով և գետնին, երբեմն դառը ջուր են շփել։ Վիրավորում ստացած զինծառայողներին խոշտանգել են՝ մատը դնելով վերքի վրա, ադրբեջանցիները ստիպել են գերիներին խնդրել, էր իրենց բուժօգնություն ցուցաբերվի։
ՄԻՊ֊ը հայտնեց, որ առանձնապես դաժան են եղել այն հայ ռազմագերիների նկատմամբ, որոնք մասնակցել են Արցախյան առաջին և 2016թ ապրիլյան պատերազմին։

Ամենադաժան վերաբերմունքները եղել են գերեվարման ժամանակ և դրանից անմիջապես հետո, հատկապես հատուկ ծառայությունների կողմից։

«Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ գրեթե չի եղել ջուր կամ սնունդ։ Թքել են սննդի մեջ և ստիպել են այդպես ուտել»,- մանրամասնեց Թաթոյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով