Այսօր Արցախի Հանրապետությունը մնացել է փաշինյանական «Արցախը Հայաստան է և վե՛րջ» և ալիևյան «Ղարաբաղը Ադրբեջան է!» տխրահռչակ բառակապակցությունների արանքում.Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Արցախի Հանրապետությունը 30 տարեկան է.
30 տարին պատմական շատ կարճ ժամանակահատված է, բայց Արցախի դեպքում՝ այդ կարճ ժամանակահատվածում ահհավատալի շատ բան արվեց: Ազգովի հասցրեցինք պետականության հիմքեր դնել, անկախություն հռչակել, ինքնապաշտպանություն կազմակերպել, պատերազմ վարել, 1992թ-ի անհուսալի իրավիճակից դուրս գալով՝ հաղթանակներ արձանագրել, անվտանգության գոտի ստեղծել, ԵԱՀԿ ՄԽ ձևավորել, ինքնորոշման իրավունքի և միջազգային ճանաչման համար՝ հետևողականորեն բանակցել:
Այս ամենին զուգահեռ կայացավ Արցախի Պաշտպանության բանակը, չճանաչված պետության կարգավորման հարցը դարձավ միջազգային ակտիվ ու հայտնի հարցերից մեկը, կայացան Արցախի պետականության բոլոր ինստիտուտները, տնտեսություն ձևավորվեց՝ իր գրեթե բոլոր ճյուղերով, ժողովրդավարական մեխանիզմներ ներդրվեցին, մշակույթ և կրթություն զարգացավ, վերածնվեց հոգևոր կյանքը, Արցախը վերագտավ ինքն իրեն:
Թվում էր, թե դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետությանը պակասում էր միայն դե յուրէ ճանաչումը: Եվ ոչ ոք չէր հավատում, որ Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի և Շահումյանի շրջանների տարածքները երբևէ կհայտնվեն թուրքական նոր օկուպացիայի մեջ: Իսկ տարածքների 75%-ը կորցրած Արցախի Հանրապետությունը՝ կդառնա ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի:
Դրա պատճառն այն էր, որ Հայաստանում ոչ ոք չէր մտածում, թե մի դժբախտ օր փողոցից, իրենց փոշոտ ու չկայացած կենսագրություններով իշխանության կգան մի խումբ բախտախնդիր կապիտուլյանտներ, և ՀԱՅԸ կկորցնի իր 29 տարիների արյուրն-քրիտինքի արգասիք դարձած Արցախը:
Շուրջ 12000-ից ավելի հայորդիներ իրենց կյանքն են նվիրել Արցախի Հանրապետությանը: Ավելի թանկ գին, վերջին 30 տարիներին՝ գիտակցված կերպով, մենք չենք վճարել: Հայաստանի Հանրապետության անկախության համար պայքար գրեթե չի եղել, որովհետև այն ավելի շատ աշխարհաքաղաքական նվեր էր մեր ժողովրդին: Իսկ Արցախի Հանրապետության անկախության համար պայքարը մեր ժողովրդի 30-ամյա կենսագրությունն է, նրա ամենացավոտ, ամենավեհ, ամենահերոսական և ամենալուսավոր էջը:
Այսօր Արցախի Հանրապետությունը մնացել է փաշինյանական «Արցախը Հայաստան է և վե՛րջ» և ալիևյան «Ղարաբաղը Ադրբեջան է!» տխրահռչակ բառակապակցությունների արանքում: Արդյունքում ո՛չ Հայաստան դարձավ, ո՛չ էլ Ադրբեջան: Բայց կարծես թե դարձել է տարածաշրջանի ապագան կանխորոշելու նոր հենասյուն՝ պարուրված ռուսական անվտանգության երաշխիքներով:
Արցախի Հանրապետությունն, անկախ ամեն ինչից, պե՛տք է ապրի: Այսօր կրկին ապրելու խնդիր է դրված, ապրել՝ հանուն նոր Վերածննդի: Նոր Վերածնունդը հեռու չէ և այն լինելու է: Այն լինելու է անխուսափելիորեն, նոր ավյունով ու ջանքերով՝ հանուն վերջնական խաղաղության, հանուն կորցրած տարածքների վերականգնման, հանուն սեփական Հայրենիքում Հայ ժողովրդի բարօրության և հարատևման:
Հպարտության, վրեժի, ցասումի, հույսի և հավատի մեծ զգացողությամբ շնորհավորում եմ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 30 ամյակը:
Հավերժ փառք և հավերժ հիշատակ Արցախի և Հայաստանի պաշտպանության համար ընկած բոլոր հայորդիներին:
Շնորհակալություն և պատիվ բոլոր այն հայորդիներին և օտարերկրացիներին, ովքեր ռազմա-քաղաքական, դիվանագիտական, սոցիալ-տնտեսական, գիտա-կրթական, հոգևոր-մշակութային, տեղեկատվական ջանքեր են ներդրել՝ ի նպաստ Արցախի Հանրապետության կայացմանն ու զարգացմանը:
Վստահ եմ, որ Արցախի Հանրապետության հաջորդ՝ հոբելյանական 35 ամյակը, բոլորովին այլ իրավիճակում ենք նշելու, հպարտության, հաղթանակների և զարթոնքի նոր արձանագրումներով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով