Այս հարցերը պետք է ստանան պատասխան. Վահե Հովհաննիսյանի հոդվածը

 

 

Օրեր առաջ հրապարակել էի պատերազմին վերաբերող հարցադրումների շարք՝ նպատակ դնելով հանրային ուշադրության սևեռումը։

ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը համարում եմ անիմաստ և կեղծ քայլ։ Այսօրվա ԱԺ-ում նման հանձնաժողովը չի տալու որևէ հարցի պատասխան։ Լրիվ հակառակը. այն հանձնաժողով է՝ պատասխանները լղոզելու համար։ Ինձ համար անհասկանալի է նաև ընդդիմադիր խմբակցությունների դիրքորոշումը, երբ նրանք կարևորություն են տալիս այսօրվա ԱԺ-ում ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի գաղափարին։

Շատ ավելի կարևոր է հասարակության մեջ առողջ և անկեղծ քննարկումը՝ հանրային ակտիվ շրջանակների մասնակցությամբ։ Ի վերջո, պետք է դադարենք լինել մեկօրյա պետություն՝ իր մեկօրյա հասարակությամբ, երբ պատերազմի շուրջ քննարկումները խտանում են, ասենք, միայն սեպտեմբերի 27-ի տարելիցին, իսկ հետո ցրվում-մոռացվում։

Մեկ անգամ ևս ներկայացնում եմ մի խումբ հարցեր, որոնք գուցե ամբողջական չեն, բայց կարող են դառնալ առարկայական քննարկման հիմք։

Հիմնական հարցերը երկուսն են՝ ա/ խաղաղ բանակցությունները փակուղի բերելը և պատերազմի հանգեցնելը, բ/ պատերազմը վաղաժամ դադարեցնելու առաջարկը (առաջարկները) մերժելը։

Երկրորդ հարցի շուրջ կան լրջագույն դերակատարների հրապարակային հայտարարություններ՝ ՌԴ նախագահ Վլ. Պուտին, ՀՀ վարչապետ Ն. Փաշինյան, Ադրբեջանի նախագահ, ԱԱԾ ԺՊ Մ. Համբարձումյան, ԳՇ պետ Օ. Գասպարյան և այլն։ Սա ամենամութ հարցն է, որը պետք է քննվի։ Մյուս կողմից՝ ամենակոնկրետ հարցն է, և մանևրելու հնարավորությունները մեծ չեն։ Ի վերջո, մենք պետք է հստակ իմանանք՝ եղե՞լ է նման բան, թե՞ ոչ։ Առանց այս հարցի սպառիչ պատասխանի մենք չենք կարող կոչվել քաղաքակիրթ պետություն և քաղաքակիրթ ժողովուրդ։

Այս հարցերն ունեն իրենց ենթահարցերը, որոնք անպայմանորեն պետք է մանրամասն քննարկվեն.

  1. Հուլիսյան դեպքեր. ի՞նչ է տեղի ունեցել իրականում:
  1. Ինչո՞ւ էր իշխող խմբակցության ղեկավարը պատերազմից ընդամենը շաբաթներ առաջ հայտարարում, որ Թուրքիան հնարավոր պատերազմին չի միջամտի։ Ո՞ւմ շահն էր սպասարկում այդ հայտարարությունը։ Ի դեպ, այդ անձը հիմա ԱՄՆ-ում դեսպան է։
  1. Ստվերային բանակցություններ. ո՞վ է մասնակցել, որտե՞ղ, ինչի՞ շուրջ, հետո ի՞նչ եղավ։
  1. Գրոհայինների տեղակայում Ադրբեջանում. Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ սեպտեմբերի 23-ին արդեն 7700 գրոհային է տեղափոխվել, ինչի մասին իրենք հետո են իմացել։ Սա հսկայական թիվ է. ինչո՞ւ չի իմացվել շուտ, ինչո՞ւ չի կանխվել, չի խփվել նրանց տեղափոխող օդանավը, ինչո՞ւ չի բարձրացվել միջազգային աղմուկ։ 7700 –ը հավի ճուտ չեն, որ աննկատ բերվեն։ Շաբաթներ առաջ միջազգային մամուլում եղել են փաստեր, որ թուրքերը գրոհայիններ են հավաքագրում և տեղափոխում Ադրբեջան։ Ի՞նչ աշխատանք է կատարվել դրա շուրջ ՌԴ հետ, Մինսկի խմբի հետ: Միաժամանակ՝ դեռևս սեպտեմբերի 13-ին ԱԳՆ Զ. Մնացականյանը մամլո ասուլիսում հայտարարում է, որ տեղյակ են ռազմական կուտակումների և գրոհայինների խմբերի՝ Ադրբեջան տեղափոխվելու մասին։ Պաշտոնական աղբյուրներն, այսպիսով, միմյանց հետ խորը հակասությունների մեջ են։
  1. Անվտանգության Խորհրդի անդամների անհատական պահվածքը, նիստերի ձայնագրությունները։ Պատերազմի օրերին տեղի են ունեցել ԱԽ նիստեր։ Քննարկվել են ճակատագրական հարցեր, որոնք վերաբերել են հազարավոր կյանքերի, որոնք վերաբերել են պատերազմի ընթացքին և պատերազմի դադարեցմանը։ Պետության շահի տեսակետից շատ կարևոր է մասնակիցների անհատական հայտնած կարծիքը կամ անհատական լռությունը. նրանցից շատերն այսօր բարձրաստիճան պաշտոնյաներ են, ոմանք էլ՝ ինքնաինդուլգենցիա ձևակերպած։ Պետության շահի տեսակետից՝ սա այն հարցը չէ, որի շուրջ կարելի է լռելյայն գալ կոնսենսուսի՝ մեղավոր համարելով միայն Նիկոլին։ Ենթադրելի է, որ այնտեղ քննարկվել և որոշվել են ճակատագրական հարցեր։ Եվ այս աղետից հետո կարևոր է հասկանալ ԱԽ-ի՝ որպես պետական ինստիտուտի դերակատարումը և կոնկրետ անձանց դերակատարումը։

Հիշեցման կարգով՝ պատերազմի օրերին ԱԽ նիստերը տեղի են ունեցել սեպտեմբերի 27, 28, 30, հոկտեմբերի 14, 19։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով