Այդ օրը կհավաքվենք և մեր զավակների նկարներով կքայլենք դեպի Եռաբլուր. Կարին Տոնոյան

 

«5165» շարժման առաջնորդ   Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Տոնե՞լ, թե չտոնել…
հերթական անգամ վարչապետին հաջողվեց տարամտել ժողովրդին և, իրար դեմ հանելով, նորից ատելություն գեներացնել: Սակայն շատերը չնկատեցին, որ զոհվածների ծնողներն իրականում վիրավորվեցին վարչապետի կանխամտածված կամ չմտածված օգտագործած «գունագեղ տոնակատարությունը» մեր զավակների հիշատակին նվիրելու արտահայտությունից:
Հիմա ստացվում է բոլորը մեզանից հայրենասեր են և անթուլատրելի են համարում, որ Անկախության օրը չնշվի…..

Մենք էլ ասում ենք, իսկ ով է ասում՝ նշել նշանակում է տոնել, առավել ևս որ տոնելու բան էլ չեք թողել…… այդ օրը պետք է միայն ռազմաշքերթ լիներ, ի հեճուկս թշնամու պահպանված ու վերականգնված բանակով, նախորդ պատերազմների վետերաններով ու վերջին պատերազմի մասնակից վիրավոր ու հաշմանդամներով, որդիներին Հայրենիքին նվիրած ծնողների բազմաշարք երթերով, ռազմագիտություն ուսումնասիրող դպրոցականների ու ռազմական ուսհաստատությունների շարքերով…..: Այո՛, այդ օրը պետք է հրապարակ դուրս գար ազգ-բանակը և ցույց տար Երկրի, Ազգի ու Հայրենիքի անկախության համար իր հավաքական ու անկոտրում կամքը…… և եթե պիտի հնչեր երաժշտություն, ապա միայն ռազմաշունչ ու ոգեղեն….
Ա՛յ, դա կլիներ մեր զավակների հիշատակին նվիրված միջոցառում և մենք մայրերս է, արցունքներս զսպած,  առաջինը կծածանեինք նրանց ձեռքից ընկած դրոշը:

Իսկ հիմա մարդիկ տոնել են ուզում…… ի՞նչը, ո՞ր անկախությունը՝ Կապանի ադրբեջանական անցակետով ճանապարհի, ամեն լեռութփի վրա ծածանվող օտարերկրյա դրոշի՞, առանց Հայաստանի, բայց Հայաստանի շուրջ քննարկվող բանակցությունների՞, թե ակնկալվող թուրքական ներդրումների խոստացած ապագա անկախությունը…..
Ո՛չ, մենք այդ օրը չենք միանա ձեր ինքնախաբ կերուխումին:

Մենք՝ իրենց զավակների պատիվը իրենց արյամբ պաշտպանելու մայրերս այդ օրը կհավաքվենք և մեր զավակների նկարներով կքայլենք դեպի Եռաբլուր՝ Հայոց անկախության պահպանված միակ բլուրը և կերդվենք մեր զավակների շիրիմներին՝ մի օր անպայման, երբ կվերադարձնենք իրենց արյամբ էլ ավելի սրբացրած Արցախը, երբ Երկրի իշխանության կբերենք Երկրի իրական տերերին, այ, այդ օրը միասին կտոնենք Հայոց անկախության տոնը……
Միացեք մեզ, իրոք անկախության ձգտող հայեր, միացեք որպես հայ՝ առանց քաղաքական հայացքների, առանց ատելության ու պառակտումի:
«Մեզ մենակ մի թողեք»»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով