Անդրանիկ Քոչարյանն իրավունք չունի լինել քննիչ հանձնաժողովի նախագահ. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմի հանգամանքները քննելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը բարձրաձայնում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո: Չնայած ընդդիմադիրների ու փորձագետների խորհուրդ-հորդորներին, թե ավելի ճիշտ կլինի պարիտետային հանձնաժողով ձեւավորել, իշխանությունը տեղի չտվեց ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շուրթերով հայտարարեց՝ հանձնաժողովը ձեւավորվելու է խորհրդարանի համապատասխան՝ Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հիման վրա: Իշխող թիմը չի թաքցնում, որ ստեղծվելիք հանձնաժողովի նախագահն Անդրանիկ Քոչարյանն է լինելու, որը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկությունների, անձամբ է որոշում, թե քննիչ հանձնաժողովի կազմում իշխանության քվոտայով ովքեր են ներկայացված լինելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյանն ու թիմակիցները, որ զօրուգիշեր հայտարարում են, թե քննիչ հանձնաժողովը վերերկրային մի կառույց է լինելու, քննելու եւ բացահայտելու է պատերազմի հետ կապված ամեն մի դրվագ՝ իր վրա վերցնելով թե՛ քննիչի, թե՛ դատավորի ու դատախազի գործառույթները, կարծես մոռանում են՝ ըստ իրավական նորմերի՝ ենթադրյալ հանցագործն իրեն վերագրվող հանցագործության վարկածները քննելու իրավունք չի ունենում: Անդրանիկ Քոչարյանը, պատերազմի ժամանակ հույժ կարեւոր պաշտոն զբաղեցնելով, փաստորեն պետք է ոչ միայն իր, այլ իր ներկայացրած քաղաքական թիմի քայլերն ու դրանից բխած սխալները, բացթողումները քննի: Դա ակնհայտորեն կարող է կաշկանդել պաշտոնյային հանգամանքներն առավել մանրամասն ու համակողմանի քննել: Վերոնշյալ դիտարկումն իրավաօրենսդրական նորմերով իհարկե չի կարգավորում, ու այն ավելի շատ քաղաքական տիրույթում է, բայց թույլ է տալիս եզրակացնել, որ իշխանությունը պատերազմի հետեւանքները քննող քննիչ հանձնաժողովի նախագահությունը ո՛չ ընդդիմությանը, ո՛չ էլ մեկ այլ՝ փոքրիշատե չեզոք անհատի չի ուզում զիջել:

Քոչարյանի գլխավորությամբ, հիշեցնենք, նաեւ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն էին ուսումնասիրվել: Հանձնաժողովի աշխատանքների ընթացքում արդեն բացահայտվել էին որոշ միֆեր, որոնք իշխանությանը, մեղմ ասած, ձեռնտու չեն, մասնավորապես՝ թե պատերազմի ժամանակ զինվորները սոված են եղել, խոտ են կերել կամ բահերով են կռվել, տանկերում ջուր է լցված եղել. այս ամենը հենց զինվորներն էին հերքել: Հարց է առաջանում՝ իշխանությունն ա՞,յժմ ինչպես է 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրություն անելու, եթե նախկինի փորձը ցույց տվեց, որ հանձնաժողովում ներառված, ռազմական գիտելիքներ գրեթե չունեցող, բանակում չծառայած պատգամավորները «Ապրիլյանի» հանձնաժողովում որեւէ օգուտ չէն տվել, քաղաքական հանձնարարականները տգեղ կատարելուց բացի:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով