Ո՞վ կապ ունի Հայաստանի հետ. Վահե Հովհաննիսյան

Ո՞վ կապ ունի Հայաստանի հետ. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից.

■ Ի՞նչ կապ ունեն քաղհասարակության կառույցները, «իրավապաշտպանները» Հայաստանի հետ. ոչ մի։ Նրանց մեծամասնությունը արևմտյան «մեդրեսեներում» ձևավորված դեմքեր են, որոնք հրահանգով լռում են, հրահանգով ակտիվանում։ Այդ պատճառով էլ չեն արձագանքում չդադարող դատաիրավական այլանդակություններին։

■ Ի՞նչ կապ ունեն դերասան-երգիչ-երգչուհի, «աստղեր» կոչվող մարդիկ Հայաստանի հետ. ոչ մի։ Ծովափներից իրենց ֆոտոներով ու ինֆանտ մակագրություններով ամեն օր սոցցանցերն ու լրահոսը լցնող «աստղերը» ի՞նչ կապ ունեն նույն օրը, նույն պահին սահմանին կանգնող և մեռնող զինվորի ու սպայի Հայաստանի հետ։ Որպես հասարակություն ու պետություն ունեցող ժողովուրդ՝ մենք պարտավոր ենք հասկանալ, որ սահմանի զոհի լուրը և «աստղի» երջանկության ֆոտոն չեն կարող իրար հաջորդել։ Դա միայն բարոյական խնդիր չէ, դա շատ ավելի լուրջ խնդիր է՝ միասնական պետության։

■ Ի՞նչ կապ ունի Երասխը, Կութը, Սոթքը, Սև լիճը Հայաստանի հետ։ Շատ աղոտ կապ։ Ի՞նչ կապ ունի սահմանի պատերազմը Հայաստանի հետ. այնքանով-որքանով։

■ Ի՞նչ կապ ունի զոհվող 18-20 տարեկան զինծառայողը ռեստորանա-քեֆային Հայաստանի հետ։

■ Ի՞նչ կապ ունեն պետական ինստիտուտները Հայաստանի հետ։ Այդ կապը խիստ վերապահումով է։ Անցեք Բաղրամյան պողոտայով. ի՞նչ կապ ունի ԱԺ-ն Հայաստանի հետ. ոչ մի։ Ի՞նչ կապ ունի նախագահականը Հայաստանի հետ. ոչ մի։

■ Ի՞նչ կապ ունի Արտգործնախարարությունը Հայաստանի հետ. ոչ մի։ Մի կառույց, որն այս բարդագույն փուլում ամիսներ շարունակ նախարար ու փոխնախարարներ չունի։

■ Ի՞նչ կապ ունի այսօր սփյուռքը Հայաստանի հետ։ Գրեթե զրո։

■ Ի՞նչ կապ ունի Արցախը Հայաստանի հետ։ Գրեթե զրո։

■ Ի՞նչ կապ ունեն Մայր բուհը, Գիտությունների ակադեմիան, մյուս՝ միտք և տրամադրություններ գեներացնող համակարգերը. գրեթե զրո։

■ Ի՞նչ կապ ունի Նիկոլի ներկայացրած կառավարության ծրագիրը Հայաստանի հետ. ոչ մի։ Նրա նախորդ բոլոր ծրագրային թեզերը ջախջախվել են՝ տարրալուծվելով պատերազմի և աղետի մեջ։

Այս բոլոր կառույցներն ու միավորները շատ արագ կվերգտնեն իրենց անելիքը և կապն այսօրվա իրական Հայաստանի հետ, հենց երկրում մթնոլորտը փոխվի, և պետությունը սկսի կենդանության նշաններ ցույց տալ։ Այսօրվա Հայաստանում բոլոր կապերը խզված են։ Այսօր մենք մտել ենք մի փուլ, երբ հասարակության մեջ դադարում են գործել բոլոր ուղղահայաց և հորիզոնական կապերը։ Հայաստանը դադարում է միասնական պետություն լինել։ Միասնական խնդիրներ, նպատակներ, միասնական ցավի զգացում, միասնական բարոյական չգրված նորմեր, միասնական պատկերացումներ իրականության մասին մենք հիմա չունենք։

Հայաստանի հետ այսօրվա իրական կապը պահում են.

■ Եկեղեցին, բազմաթիվ հոգևորականներ, ովքեր իրենց տեղերում գրագետ և համբերատար աշխատում են մարդկանց հետ։

■ Համառորեն իր ամենօրյա աշխատանքն անող մարդը՝ բժշկից մինչև բանվոր, ցավն իր մեջ զսպելով, իր փոքր կամ մեծ կարևորության գործն անելով, լրացնելով պետության չարածը։

■ Բիզնեսը, որը որոշ ոլորտներում իր վրա է վերցնում պետության գործառույթները և ապահովում երկրի կենսունակությունը։

■ Հանրային գործիչների մի 15-20 հոգի, որոնք ամեն օր գրում, խոսում են իրական Հայաստանի մասին, զգուշացնում ռիսկերի մասին, փորձում քննարկել հնարավոր անելիքը։

■ Բանակը, որը կանգնած է իրական սահմանին ու պատասխանում է թշնամու կրակոցներին։

Ո՞րն է հետևությունը

Մեր իրականությունը շատ ավելի ծանր է, քան մենք պատկերացնում ենք։ Ներպետական և ներհասարակական քանդված կապերի մասշտաբը հուշում է, որ տեղի է ունեցել երրորդ հանրապետության կրախը։ 1991-ից անկախություն ստացած Հայաստանից գրեթե ոչինչ չի մնացել, փոխվել է գրեթե ամեն ինչ՝ պետության տարածքը, կշիռը, մեր երազանքները, հայկականությանը միավորող գաղափարները, մեր պատկերացումները՝ մեր և երկրի մասին։

Ո՞րն է հեռանկարը

Ամենայն հավանականությամբ՝ մենք կանգնած ենք նոր փուլի նախաշեմին՝ գրեթե նոր պետության նախաշեմին։ Մենք կանգնած ենք այնպիսի ծավալուն և խորքային փոփոխությունների անհրաժեշտության առաջ, որի արդյունքում պետք է փոխվեն ու արմատապես վերանայվեն ներպետական և ներհասարակական խաղի կանոնները, բարքերը, կառավարման մեխանիզմները, փոխվեն էլիտաները, հանրային կյանքի դերակատարները, մեր պատկերացումները՝ մեր և այլոց մասին։

Հայաստանում նոր քաղաքական-հասարակական հոսանքների ձևավորումն անխուսափելի է, և որքան արագ այն տեղի ունենա, այնքան արագ ու խաղաղ կլինեն վերը նշված փոփոխությունները։ Ակնհայտ է, որ Հայաստանին պետք է լինելու նոր սահմանադրություն, որը կդնի պետության նոր էջի խաղի կանոնները, ակնհայտ է, որ այս պրոցեսում ձևավորվելու է հանրային գործիչների նոր շերտ և նոր ձևաչափեր, որոնք պետք է փոխարինեն թե´ իշխանությանը, թե´ ընդդիմությանը, և նոր պատկերացումներ բերեն պետության, քաղաքականության և հասարակական հարաբերությունների մասին։
Հայաստանը զարգացման ուրիշ ճանապարհ չունի։ Մյուսը՝ Հայաստանի չլինելն է։

https://t.me/vahehovhannisyan/17

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով