Սա վիրավորանք և նվաստացուցիչ վերաբերմունք է լրագրողի և մեր մասնագիտության նկատմամբ. Սեյրանյան

 

ԱԺ ընդունարանում տեսա, որ հրավիրյալների ցանկում անուն-ազգանունների կողքին նշված է՝ ով կարող է բջջային հեռախոսով մուտք գործել, ով՝ ոչ։ Խորհրդարանում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման հարցով քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 168 թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Չգիտեմ՝ սա ինչ էր, ի՞նչ է նշանակում՝ մեկին կարելի է հեռախոսով մտնել, մյուսին՝ ոչ։ Ինչի՞ վրա ենք զարմանում։ Այս տենդենցը նո՞ր է։ Դեռ 3 տարի առաջ լրատվամիջոցների ղեկավարներ, մեդիակազմակերպություններ բազմիցս հայտարարություններ են արել բազմաթիվ առիթներով՝ սկսած նրանից, որ սոցիալական ցանցերը մի՛ օգտագործեք պաշտոնական տեղեկատվություն հաղորդելու համար, տարանջատեք դա։ Հաշվի՞ է առնվել, իհարկե ոչ»,-նշեց Սաթիկ Սեյրանյանը։

Վերջինս հորդորեց չզարմանալ, որ թիրախավորվում են լրատվամիջոցներն ու լրագրողները, քանի որ ի սկզբանե այդպես է եղել և հիմա շարունակվում է։ Սաթիկ Սեյրանյանի խոսքով ավելի վատ սահմանափակումներ են գալու։

«Պարզ չէ՞, որ այս իշխանությունը, մեր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է մեդիայի դերը։ Մեր գործընկերներից շատերն այսօր լրատվամիջոցներին հսկայական ֆինանսական կորուստների առջև են կանգնացրել, լրջագույն վնասներ հասցրել։ Գաղտնի ինչ-որ որոշումներ են կայացրել։ Հիմա զարմանում ենք, որ Ալեն Սիմոնյանը թաքուն ինչ-որ բան է որոշել, բա ի՞նչ պետք է լիներ»,-ասաց Սաթիկ Սեյրանյանը՝ հավելելով, որ անհապաղ պետք է վերացվեն բոլոր սահմանափակումները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սաթիկ Սեյրանյանի խոսքով պետք է սահմանափակումները վերացվեն, հակառակ պարագայում լինելու են համեմատություններ Նաիրի Հունանյանի և ուրիշների հետ, անվտանգության հարցեր են բարձրացնելու. «Սա վիրավորանք է և նվաստացուցիչ վերաբերմունք լրագրողի և մեր մասնագիտության նկատմամբ»։

Նշենք, որ ԱԺ-ում մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ քննարկվում է հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման հարցը։

Թագուհի Թովմասյանը նշեց, որ իրականացվել են լրագրողներին առնչվող փոփոխություններ, որոնք չեն ճշտվել լրագրողական հանրույթի ներկայացուցիչների կողմից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով