Ռումինիայում կկայանա աշխարհի կարատեի առաջնությունը․ովքեր են ներկայացնելու Հայաստանը

 

Սեպտեմբերի 23-26-ը Ռումինիայի Կլյուչ քաղաքում տեղի կունենա WUKF-ի՝ «Աշխարհի կարատեի ֆեդերացիայի» աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն 70-75 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լրագրողների այն հարցին, թե պատրա՞ստ եք ուղիղ նայել ադրբեջանցի և թուրք մարզիկների աչքերի մեջ, կարատեի  և Եվրոպայի եռակի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը վստահորեն պնդեց. «Միշտ էլ պատրաստ եմ եղել, ոչ միայն աչքերի մեջ նայել, այլ՝ ամենամաքսիմալն անել, հաղթանակի համար»,- ապա հիշեցրեց. «Երբ 2018 թվականին, Ստամբուլում WSF-ի վարկածով հաղթող ճանաչվեցի, քառորդ եզրափակչում իմ մրցակիցը ադրբեջանցի մարզիկ էր։ Իսկ մինչ այդ, Գերմանիայի Հալի քաղաքում միջազգային մրցաշարում կողի լուրջ վնասվածք էի ստացել, երբ դուրս եկա ադրբեջանցու հետ մենամարտի, չէի մտածում, որ կարող է հարված ստանամ ու ավելի բարդացնեմ իմ առողջական իրավիճակը։ Իմ տրամադրվածությունը միշտ այդպես է եղել, որ մեռնելով էլ լինի պետք է հաղթեմ»,- պնդեց Կ. Ունանյանն ու հայտարարեց. «Այս մրցումներում մենք պետք է հաղթենք ու մեր հաղթանակները կնվիրենք զոհված հերոս տղաներին»։

Նշենք, որ Կամո Ունանյանի հետ միասին առաջնությանը Հայաստանը կներկայացնեն եւս չորս մարզիկ՝ Դավիթ Թարոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սերգեյ Դալլաքյանը և Գևորգ Ղազարյանը։

«Ես անձամբ ակնկալում եմ, որ այս մրցաշարում Դավիթ Թորոսյանը չեմպիոն է դառնալու, քանի որ նա շատ լավ մարզավիճակում է։ Ընդհանրապես, բոլորից էլ սպասում ենք, որ մեդալներ պետք է նվաճեն, որովհետեւ մենք միայն մասնակցության համար չէինք գնա մրցույթի, ինքս դեմ կլինեի»,- լրագրողների հետ ունեցած հանդիպմանն ասաց Կամո Ունանյանը՝ շեշտելով, որ WUKF-ը սպորտային կարատեի ամենահզոր վարկածներից մեկն է և ամեն ինչ անելու են, որպեսզի հաղթանակներով վերադառնան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, 5 մարզիկները գալիք առաջնությանը կմասնակցեն ոչ թե պետական որևէ աջակցությամբ, այլ՝ ռուսաստանաբնակ հայ  բարերար Լիլիթ Կարապետյանի ֆինանսավորմամբ:

«Լիլիթը սպորտի աշխարհից չէ, նա և իր ամուսինը իմ լավ ընկերներն են։ Լիլիթը շատ էր ուզում, որ մեր դրոշը բարձրացվի աշխարհում և որոշեց աջակցել»,- տեղեկացրեց Ունանյանը։

Ասուլիսի ավարտին «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը հայտարարեց, որ Կամո Ունանյանին առաջարկել է ուժերը փորձել  ընդհանուր մարտերում (MMA). «Մենամարտերից մեկի ժամանակ միտք հղացավ Կամո Ունանյանին առաջարկել իր ուժերը չափել ընդհանուր մենամարտերում։ Իհարկե, սկզբնական շրջանում առաջարկս մերժվեց, բայց հետո Կամոյին հետաքրքրեց։ Շատ հետաքրքիր է արևելյան մարզաձևի աշխարհի չեմպիոնի ուժերը տեսնել  ընդհանուր մենամարտերում։ Սպասվում են միջազգային մի շարք մրցաշարեր, որոնց ընթացքում կընտրվի մրցակից մարզիկ, կքննարկվի, թե ով է լինելու այդ մարզիկը և որ մրցաշարին է մասնակցելու»,- ասաց Հայկ Ղուկասյանը։

Ի դեպ, մինչև տարեվերջ առողջական խնդիրների պատճառով հնարավոր է Կ. Ունանյանն ավարտի մարզական կարիերան. «Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ բավականին լուրջ առողջական խնդիրներ ունի, կոնկրետ ես, վերջին երեք տարիներին, ունեմ մեջքի հետ կապված լուրջ խնդիրներ և արդեն 3 անգամ վիրահատության եմ ենթարկվել։ Ինձ համար սպորտը մի ամբողջ կյանք է, որին այդքան էլ հեշտ չէ հրաժեշտ տալ: Ես անում եմ ամեն բան, որ որքան հնարավոր է երկար մասնակցեմ, մեդալներ նվաճեմ, որպեսզի բարձր պահեմ իմ երկրի պատիվը։ Դա անելու եմ մինչև վերջին ուժերս։ MMA-ում մի մարտ ունենալուց հետո կորոշեմ շարունակե՞լ, թե՝ ոչ, Ինձ համար բարդ է լինելու ընդունել մարզական կարիերաս ավարտելու փաստը, բայց առողջական խնդիրներիս մասին հիշելով, կարծում եմ, մեկ տարի անց կավարտեմ կարիերաս»,- եզրափակեց կարատեի  և Եվրոպայի եռակի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով