Նույն երգը, նույն ջուրը, նույն ջրաղացը. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր, առավել քան երբևէ, Հայաստանը կանգնած է բազմաթիվ անվտանգային մարտահրավերների առջև։ Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով փլուզվեց Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային ճարտարապետությունը։ Եվ այն նորից կառուցելու խնդիր կա։ Բայց գլխավոր հարցն այն է, թե ինչպես ստացվեց, որ մինչ պատերազմական գործողությունների վերսկսումը Հայաստանը չէր հաշվարկել հնարավոր սպառնալիքները։

Պատասխանը շատ պարզ է՝ իրական խնդիրների լուծման վրա կենտրոնանալու փոխարեն, իշխանությունները այս երեք տարվա ընթացքում միայն պոպուլիզմով էին զբաղված։ Դիտավորյալ, թե ապաշնորհության հետևանքով, այլ հարց է… Պաշտպանությանը վերաբերող իր ելույթներում Նիկոլ Փաշինյանը ընդգծում էր, թե իրենք փակում են «80-ականների» զենքերի թեման ու աննախադեպ քանակությամբ զենք ու զինամթերք են ձեռք բերում, այդ թվում` ՍՈւ– 30ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանության համալիրներ և այլն: Իսկ 2020 թվականի ապրիլի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, պատասխանելով քաղաքացիների հարցերին, Փաշինյանը փորձեց մի «ցնցող» նորություն հայտնել։

Նրա խոսքով՝ իրեն ցույց են տվել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի գերժամանակակից արտադրանքի մի նմուշ, որի գոյությունը վկայում է, որ Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակի է դուրս գալիս։ Որպես կանոն, երբ պետությունները ռազմական դաշտում և քաղաքականության մեջ կոնկրետ խնդիրներ լուծող զենք են ստեղծում կամ ձեռք բերում, ապա իրենց հանրության շրջանում և մրցակից երկրների վրա տպավորություն թողնելու համար ուժի ցուցադրություն են իրականացնում՝ սեփական առավելությունն ընդգծելու նպատակով։ Այնուամենայնիվ, մեր հանրությունն այդպես էլ չկարողացավ, ի վերջո, հասկանալ, թե կոնկրետ այդ ինչ գերժամանակակից զենքի մասին է խոսում Փաշինյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արդոք այն իսկապես ռազմական առումով խնդիր կարո՞ղ էր լուծել, թե՞ հերթական քարոզչական փուչիկն էր, ինչպես, օրինակ՝ ՍՈւ– 30 ՍՄ ինքնաթիռների մոտ Փաշինյանի սելֆիներն էին, կամ, ինչպես ընդդիմադիրներից մեկը նշեց, աշխարհի ամենաթանկ սելֆիները։ Այդ ինքնաթիռներն այդպես էլ չօգտագործվեցին պատերազմի ընթացքում, քանի որ, ըստ ռազմական փորձագետների, ձեռք չեն բերվել նրանց համար նախատեսված հրթիռները։ Մեկ այլ «ոդիսականի» հետ գործ ունենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանի դեպքում։ Վերջինս պարբերաբար տեսանյութեր էր տարածում հայկական արտադրության ԱԹՍ-ների մասին ու սոցցանցերում ազդարարում հայկական ռազմարդյունաբերության հերթական ձեռքբերման մասին։

Ավելին՝ Հակոբյանը հպարտանում էր, թե Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքն առաջիկայում կարող է դուրս գալ միջազգային շուկա: Բայց այս տարվա փետրվարին Աբու Դաբիում ընթացող «IDEX-2021» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում, որը պատեհ առիթ էր հայկական արտադրության սպառազինությունների առավելություններն աշխարհին ի ցույց դնելու համար, Հայաստանը ներկայանում էր դատարկ տաղավարներով, այսինքն՝ առանց ցուցանմուշների։ Ինքնին ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ պատերազմի ավարտից հետո Հայաստանը որևէ նշանակալից զորավարժություն չի անցկացրել, որն իրենից միջազգային գործընկերության որևէ ձևաչափ կարող է նախատեսել։

Անգամ անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում Հայաստանում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի դեպքում, որին մասնակցում են մի շարք երկրների ԶՈւ ներկայացուցիչներ, ռազմական ոլորտի պատասխանատուները վախվորած կերպով անմիջապես շտապում են հայտարարել, թե այն խաղաղ բնույթ է կրում և դրանցում տեղ չկա քաղաքականության և հակասությունների համար։ Մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն Թուրքիայի, Պակիստանի ու այլ երկրների մասնակցությամբ պարբերական բազմապրոֆիլ զորավարժություններ է անցկացնում, այլև հայտարարում է, թե դրանք ուղղված են Հայաստանի դեմ։ Ինչպես տեսնում ենք, անվտանգային առումով իշխանություններն ի վիճակի չեն Հայաստանի ու Արցախի համար խնդիր լուծել։ Հիմա էլ Փաշինյանի կառավարությունը հանրության դատին է ներկայացրել 2021- 2026 թվականների ծրագիրը, որով հավակնոտ բարեփոխումներ են խոստանում բանակում։

Նրանք հայտարարում են պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին։ Բա որ գիտեին պրոֆեսիոնալ բանակի արդյունավետության մասին, ինչո՞ւ այն չէին ստեղծում մինչև պատերազմի սկսվելը։ Իշխող ուժի ներկայացուցիչները ծրագրում կրկին խոսում են գերժամանակակից սպառազինությունների արդիականացման ու ձեռքբերման մասին։ Բայց իշխանությունների մտադրությունները դատարկ խոսքերից այն կողմ չեն անցնում, քանի որ 9 ամսից ավելի ժամանակ է անցել պատերազմի ավարտից, և մենք արդեն կարող էինք ունենալ նոր և գերժամանակակից սպառազինություններ։ Ըստ էության, անվտանգության մասով իշխանությունները բովանդակային ասելիք չունեն, այլապես ԱԺ-ում ընթացող քննարկումները կրկեսի չէին վերածի։

ՔՊ-ի ներկայացուցիչները պառլամենտում միայն զբաղված են մածունի սև լինելու մասին ապացույցներ ներկայացնելով։ Փոխանակ համակ ուշադրությամբ լսեն բովանդակային քննադատությունները, հակափաստարկներ բերեն և սովորեն իրենց սխալների վրա, միշտ փորձում են ամեն ինչի մեղքը բարդել այլոց վրա։ Էլի՝ նույն երգը, նույն նվնվոցները, նույն ջուրն ու նույն ջրաղացը: Ու այս ամենը հաշվի առնելով, առկա վիճակը վերլուծելով՝ ցավոք, հասկանում ես, որ խոստացված ապագան չափազանց մռայլ ու տագնապահարույց է…

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով