Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 1032 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր.ՊԵԿ

 

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ստացել է օպերատիվ տեղեկություններ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակավ ոսկյա զարդերի  ներմուծման գործընթացին ՀՀ քաղաքացի Ժ.Գ-ի  հնարավոր ներգրավվածության մասին:

Ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` օրերս Ստամբուլ-Մինսկ-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց և ուղևորների ժամանման սրահի «Կանաչ ուղի» գծանշումը հատելուց հետո, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից կանգնեցվել և մաքսային հսկողության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Վերջինիս նկատմամբ իրականացված անձնական մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 1032 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր, որոնք թաքցված են եղել քաղաքացու գոտկատեղի հատվածում:

Փաստի առթիվ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն: Հայտնաբերված 1032 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդերը, որպես մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ, վերցվել և ի պահ են հանձնվել մաքսային հսկողության գոտի:

 

Նախապատրաստված  նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով