Հայաստանի ապաշրջափակումը կարող է ավելի վտանգավոր լինել, քան նույնիսկ շրջափակումը. «Փաստ»

 

«Փաստ» թերթը գրում է.
«Տրանսպորտային ուղիների և համապատասխան ենթակառուցվածքների առկայությունը տնտեսական զարգացման լրացուցիչ խթան է։ Ժամանակակից գլոբալացող աշխարհում պետությունների համար հատուկ նշանակություն են ձեռք բերել արտաքին հաղորդակցության նախագծերը, որոնք շատ դեպքերում նաև քաղաքականություն թելադրելու գործիք են դարձել։ Եվ այս հարցի նկատմամբ հատկապես զգայուն է Հայաստանը, որի դիրքը, տեղագրությունը և աշխարհաքաղաքական իրավիճակը տրանսպորտային ուղիների հարցում խնդիրներ են առաջացնում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպի ծով ելք չունեցող, լեռնային և կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող, սակայն ոչ կայուն Հարավային Կովկասում գտնվող Հայաստանի միջազգային կապերը խիստ խոցելի են։ Տարիներ շարունակ Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է գտնվում, սակայն Արցախյան պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված նոր իրավիճակի պայմաններում ՀՀ իշխանությունները մեծ հույսեր են կապում ապաշրջափակման հետ։ Խնդիրն այն է, որ հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով գործելու է համապատասխան աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ։

Իսկ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն առաջ է մղում տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հարցը՝ նշելով, որ ապաշրջափակումը Հայաստանի համար բարենպաստ պայմանների ձևավորման կարևոր գործիք է։ Այսպիսով, Փաշինյանը փորձում է ապաշրջափակման օրակարգի ներքո հանրությանը խաղաղ զարգացման հեռանկարի լուրջ հույսեր ներշնչել։ Հիշում ենք, թե ինչպես էր նա քարոզարշավի ընթացքում մարդկանց համոզում, որ հաղորդակցության ուղիների բացման դեպքում կմեծանա Հայաստանի արտադրական, տնտեսական պոտենցիալը։ Անգամ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում առանձին բաժին է հատկացված տարածաշրջանի ապաշրջափակմանը։

Առաջին հայացքից տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացումը կարող է բացառապես դրական գործընթաց թվալ այն կոնտեքստում, թե վերջապես Հայաստանը հնարավորություն կստանա անկաշկանդ մասնակցություն ունենալ արտաքին աշխարհի հետ հաղորդակցությանը։ Ճիշտ է՝ շատ կարևոր է Հայաստանի ինտեգրումը տարածաշրջանային հաղորդակցության ուղիներին, սակայն ամբողջ հարցն այն է, թե ինչ պայմաններով է տեղի ունենում այն, քանի որ իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ ապաշրջափակումը կարող է ավելի վտանգավոր լինել, քան նույնիսկ շրջափակումը։ Խնդիրն այն է, որ կապիտուլ յացիոն պարտության արդյունքում ստեղծված նոր իրականության պայմաններում Ադրբեջանը հնարավորություն է ստանում ցանկացած պահի փակել Հայաստանի ռազմավարական ճանապարհները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանցի զինվորականների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածի փակումը դրա վառ օրինակն էր։ Իսկ այդ ճանապարհով անցնում է Իրան-Հայաստան միջպետական հաղորդակցությունը։ Առավել լայն իմաստով Գորիս-Կապան ավտոմայրուղին կապում է Իրանը Վրաստանի հետ։ Ճիշտ է՝ ադրբեջանցիները որոշ ժամանակ անց բացեցին այս ճանապարհը, բայց դա դեռ չի նշանակում, որ նորից ինչ-որ պատրվակ չեն գտնի ու ճանապարհը չեն փակի՝ խնդիրներ ստեղծելով հաղորդակցության համար։ Չհաշված, որ տրանզիտիվ առումով առավել լուրջ վտանգներ կստեղծվեն, եթե ադրբեջանական «անկլավների» հարցը նորից բարձրանա։

Հաշվի առնելով, որ դրանք գտնվում են Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող հաղորդակցային հանգույցների շուրջ, ապա Ադրբեջանը դրանց միջոցով կարող է հնարավորություն ստանալ վերահսկել ու ցանկացած ժամանակ փակել այս անգամ արդեն Հայաստանից Վրաստան գնացող ուղիները։ Իսկ այսպիսի ռիսկերը կարող են շատ լուրջ հարված լինել մեր տնտեսության համար։ Բացի այդ, հաշվի առնելով Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիների անապահովությունը՝ Իրանն ու Վրաստանը կարող են ուղղակի շահագրգռված չլինել, որ տարանցիկ բեռները Հայաստանով անցնեն։ Իսկ այն պնդումները, թե Հայաստանն էլ կարող է իր բեռնափոխադրումները կատարել Ադրբեջանի տարածքով, հիմնավորված չեն, քանի որ այդ բեռնափոխադրումների անվտանգության մասով որևէ միջազգային երաշխիք չկա։

Այնպես որ, հաղորդակցության ուղիների հարցից է կախված նաև Հայաստանի տնտեսական անվտանգության խնդիրը, իսկ ներկայիս պայմաններում, որպեսզի մեր պետությունը դուրս գա համավարակի ու պատերազմի շոկից, տնտեսական զարգացումն օդի ու ջրի պես անհրաժեշտ է։ Բայց իշխանությունները, մեկը մյուսի հետևից զիջումներ կատարելով թշնամուն, աչքաթող են անում այս հանգամանքը՝ պայմաններ ստեղծելով, որ թշնամի երկիրը լրացուցիչ տնտեսական լծակներ ձեռք բերի Հայաստանի նկատմամբ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով