Դասական խոպանչին. ով է Կարեն Սարգսյանը և ում միջոցով է նշանակվել պատասխանատու պաշտոնում. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեկ խորհրդարանը բավականին բուռն քննարկեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը, որի զեկուցողը ՀՀ ՏԿՆ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանն էր:

Նա երեկ վերջնականապես ի ցույց դրեց իր գիտելիքների մերկությունը: Մասնավորապես, Սարգսյանը չէր կարողանում պատասխանել պատգամավորների կողմից հնչեցված մասնագիտական որեւէ հարցադրման, որի արդյունքում էլ կրքեր բորբոքվեցին դահլիճում, եղան բղավոցներ միմյանց վրա: Այս ամենից հետո «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ, թե ով է Կարեն Սարգսյանը ու ինչպես է հայտնվել կոմիտեի ղեկավարի այդ պատասխանատու պաշտոնին, ում միջնորդությամբ եւ, ամենակարեւորը, մասնագիտական ինչ կրթություն ունի: Ուսումնասիրելով նրա կենսագրականը՝ բացահայտեցինք, որ խորհրդանշական հոկտեմբերի 27-ին ծնված Սարգսյանը մասնագիտությամբ մարզական լրագրող է: Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը ավարտելուց հետո նա մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի:

2016-ին զգացել է ուսման քաղց. ընդունվել եւ մինչ օրս սովորում է Մոսկվայի մարզային իրավունքի եւ կառավարման ինստիտուտի մենեջմենթի բաժնում: Այսինքն՝ ՀՀ ջրային կոմիտեի նախագահն այսօր փաստացի ուսանող է:

Իսկ ինչ վերաբերում է աշխատանքային փորձին, ապա այն Սարգսյանը կուտակել է բացառապես 2019 թվականի հեղափոխությունից հետո: 2009-ից ՌԴ-ում գտնվող Սարգսյանը հայրենադարձվել է 2019-ին: Կարեն Սարգսյանին ճանաչողները փոխանցում են, որ նա ՌԴ-ում զբաղված է եղել դասական խոպանչիությամբ, իրականացրել է ասֆալտապատման աշխատանքներ, ինչպես նաեւ աշխատել ավտոլվացման կետում: Գուցե հետո ունեցել է ավտոլվացման ծառայության անհատական կետ: Այսինքն՝ նրա առնչությունը ջրային ոլորտին բացառապես եղել է ավտոլվացման կետում, բայց դա չի խանգարել, որ հիմա այդ ոլորտը ղեկավարի:

Իսկ ո՞ւմ միջոցով է հայտնվել այս պաշտոնում. նա ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի մտերիմ ընկերն է եւ 2019-ին «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ընտրակարգով առաջադրվել էր Գեղարքունիքում պատգամավորի թեկնածու, սակայն չընտրվեց պատգամավոր:

Որպեսզի հայրենադարձվածն անգործ չմնա, նրան տեղավորեցին «Գեղարքունիք» ՋՕԸ-ում՝ որպես փոխտնօրեն, հետո՝ 7 ամիս ժամկետով, որից հետո աշխատեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն, այնուհետեւ՝ 3 ամսով «Մելիորացիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժ/պ: Հետո, սակայն, «տեղ հասավ»՝ որպես Ջրային կոմիտեի նախագահ: Ու այս խայտառակ աղքատիկ կենսագրական տվյալներ ունեցող անձը հոխորտում էր փորձառություն ու լուրջ կենսագրական ունեցող պատգամավորների վրա:

Ի դեպ, Կարեն Սարգսյանը նախկին կոմունիստ պատգամավոր Խորեն Թռչունիչի եղբորորդին է:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով