Արսեն Թորոսյանը հարձակվում էր խաղաղ կանգնած գործընկերոջ վրա․ Գեղամ Նազարյան

 

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Տասնյակ զանգեր, հաղորդագրություններ եմ ստանում հերոս տղերքի ծնողներից, ընկերներից, լրագրողներից, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներից, որոնք հետաքրքրվում են իմ առողջությամբ և ցանկանում իմանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել Ազգային ժողովում:

Միանգամից ասեմ, որ հետազոտությունը Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ցույց տվեց, որ առանձնապես լուրջ խնդիր չկա, եւ երկու-երեք օրվա ընթացքում կապաքինվեմ:

Շնորհակալություն Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի և «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավարությանն ու բուժանձնակազմին հոգատար վերաբերմունքի և պրոֆեսիոնալ բուժօգնության համար:

Իսկ հիմա այն մասին, թե ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում: Ես արդեն տեղեկացրել էի, որ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ նիստերի դահլիճում չեմ լինելու, սակայն այսօր, երբ հասկացա, որ բախում է տեղի ունենում, շտապեցի այնտեղ:

Առաջին պատկերը որ տեսա, բորենիների նման չորս-հինգ ՔՊ-ական ընկել էին Արթուր Ղազինյանի վրա և հարվածում էին նրա գլխին և մարմնի տարբեր մասերին: Հարվածում էին այնպես, կարծես հենց նոր իրենց ձեռքն էին ընկել Ալիևն ու Էրդողանը: Ակնհայտ էր, որ պարագլխից ունեին հրահանգ՝ փոքր խմբերով հարձակվել նախապես որոշված թիրախների վրա։ Ինչևէ։

Միանգամից աչքի զարնեց, որ նրանց մեջ է ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Պատկերացնո՞ւմ եք, առողջապահության նախարարը, մասնագիտությամբ բժիշկ, թալիբանի էնտուզիազմով մարդ է ծեծում։ Ի դեպ, Արսեն Թորոսյանը, որքան հիշում եմ, բանակից ազատվել էր իբր առողջական խնդիրների պատճառով, բայց լավ էլ հարձակվում էր խաղաղ կանգնած գործընկերոջ վրա, ձեռքերով հարվածում և քացիներ տալիս։

Միանգամից նետվեցի դեպի նա և մի կերպ, բավական կոպտորեն նրան հեռացրի Արթուր Ղազինյանից, որից հետո որոշեցի հետ վերադառնալ դեպի Ղազինյանը, որ նրանից պոկեմ նաև մյուսներին, հենց այդ ժամանակ ոմն ՔՊ-ական հարվածեց ուղիղ աչքիս, որից անմիջապես հետո մի որոշ ժամանակով կորցրեցի տեսողությունս: Հետաքրքիր է, որ այդ հարվածող ՔՊ-ական թալիբանը տեսավ, որ ես ընդամենը փորձում եմ դադարեցնել ծեծկռտուքը։

Հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ այդ պահին նկատեցի, որ մի քանի ՔՊ-ական, ինչպես նաև մոտակայքում գտնվեղ ՊՊԾ բարձրաստիճան սպան շրջվեցին դեպի այդ ոմն ՔՊ-ականը և ասելով՝ արա, դու աննորմա՞լ ես, այս ի՞նչ արիր, նրան հեռացրին դեպքի վայրից:
Վնասվածքս ակնհայտ էր և հենց ԱԺ բուժմասից հրավիրեցին շտապ օգնության բրիգադին:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այդ պահին իմ կողքին էին, ովքեր անդադար զանգում եւ հետաքրքրվում էին իմ վիճակով, անկախ նրանց քաղաքական հայացքներից եւ քաղաքական ուժի պատկանելիությունից:

Իսկ մնացածը հետո: Շատ ասելիք և անելիք կա: Ակնհայտ էր, որ այս ամենի կազմակերպիչը՝ նրանց պարագլուխն է, որը թիկնապահների զորքով շրջապատված հանգիստ հետևում էր ամոթալի գործողություններին»,-գրել է նա։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով