Արցախի ռադիոհաճախականության որոշ շերտերում, այդ թվում բջջային կապի և FM ռադիոկայանների տիրույթներում առկա են խանգարումներ

 

Համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Այս մասին ասվում է «Հենակետ»-ի տարածած վերլուծական ամփոփման մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Շաբաթվա ընթացքում մամուլում և համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Մարտակերտ քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող։ Ադրբեջանցի զինծառայողին նկատել և ահազանգել են տներից մեկում բնակվող երեխաները։

Դեպքի հետ կապված ԱՀ դատախազությունը հաղոդագրություն է տարածել, հայտնելով, որ հարուցվել է քրեական գործ առերևույթ ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մամուլում շրջանառվում էին նաև տեղեկություններ, որ ադրբեջանցի զինծառայողի հեռախոսում հայտնաբերվել են նկարներ, որում երևում են ՌԴ խաղաղապահ զորակազմի ուղեկալների տեղակայման վայրերը, տեխնիկան և այլ գաղտնիք պարունակող տեղեկատվություն։

Սոցցանցերի արցախյան սեգմենտում շաբաթվա ընթացքում տարածվում էին տեղեկություններ, որ Շուշիի հատվածում պարբերաբար լսվում են կրակոցների ձայներ, ինչը՝ ըստ օգտատերերի, արդեն սովորական երևույթ է դարձել։

ԱՀ ՄԻՊ-ը այս թեմայով հայտարարել է, որ օգոստոսի 24-ին օրվա ընթացքում և մինչև ուշ գիշեր Շուշիի մոտակայքում՝ մասնավորապես Շոշ և Մխիթարաշեն համայնքների ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը ակտիվորեն ու տևական կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի ու դրանց մոտակայքում տեղակայված հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։

Շաբաթվա վերջում քննարկվում է այն թեման, համաձայն որի՝ Արցախի ռադիոհաճախականության որոշ շերտերում, այդ թվում բջջային կապի և FM ռադիոկայանների տիրույթներում առկա են խանգարումներ: Թեմայի վերաբերյալ տեղեկություններ էր տարածվում, որ ադրբեջանական կողմը Շուշիում տեղակայել է ՌԷՊ ստորաբաժանումներ, որտեղից էլ պարբերաբար ռադիոճնշումներ միջոցով փորձում է խափանել կենսական նշանակություն ունեցող ռադիոհաճախականությունների տիրույթներ։

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից թեմայի հետ կապված հայտարարել են, որ արցախյան կողմը խնդրի մասին տեղեկացրել է ռուս խաղաղապահներին՝ տրամադրելով համապատասխան նյութեր։

Իսկ ԱՀ ՄԻՊ-ը հայտարարել է, որ որոշ համայնքներում բնակչությունը ամբողջությամբ զրկված է կապի հասանելիությունից և հաշվի առնելով խնդրի վերաբերյալ ստացված բազմաթիվ ահազանգերը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել է ուսումնասիրություն, մասնավորապես հարցի վերաբերյալ պարզաբանումներ են ստացվել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանումներից և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ից:

Շաբաթվա վերջում համացանցում տարածվում էին լուսանկարներ Ստեփանակերտ-Շուշի ավտոմայրուղու լուսավորության վերաբերյալ։ ԱՀ Քաղաքաշինության նախարարությունից հայտարարել են, որ փողոցային լուսավորության ցանցը տեղադրվել է Ստեփանակերտից մինչև Լիսագոր ճանապարհահատվածում. ընդհանուր կազմում է 28 կմ հատված, որից 8,5 կմ֊ը՝ Ստեփանակերտ֊-Շուշի ճանապարհահատվածը, արդեն լրիվությամբ պատրաստ է և միացված։

ՌԴ խաղաղապահների մասին

ՌԴ ՊՆ ից հաղորդել են, որ օգոստոսի 22 –ին՝ ՌԴ պետական դրոշի օրը նշելու միջոցառումների շրջանակներում, Արցախում առաջին անգամ բարձրացվել է Ռուսաստանի 50 մետրանոց դրոշ։ Տոնակատարության ժամանակ խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գեներալ -մայոր Օլեգ Եգորովը հայտարարել է, որ այդ տոնը միտված է համախմբելու բոլոր նրանց, ովքեր նվիրված են իրենց հայրենիքին, ովքեր սրբորեն գնահատում են իրենց երկրի, իրենց ժողովրդի պատմությունը։

ՌԴ ՊՆ մամուլի ծառայություն մեկ այլ հաղորդագրությունից էլ տեղեկանում ենք, որ խաղաղապահներն առաջին անգամ արտագնա բուժընդունելություն են կազմակերպել Արցախի հեռավոր գյուղերում։ Վանք գյուղի շրջանային հիվանդանոցում քաղաքացիների ընդունման շարժական կետ է բացվել, որտեղ նաև «թեժ գիծ» է գործում անհետ կորած զինծառայողների մասին տեղեկությունների հավաքման, հումանիտար օգնության տրամադրման և այլ խնդիրների հարցում աջակցության համար: Ընդհանուր առմամբ, քաղաքացիների ընդունման կետ դիմել է ավելի քան 800 մարդ:

ՌԴ ՊՆ տեղեկագրում նշվում է, որ խաղաղապահ զորակազմի զինծառայողներն սկսել են ապահովել Արցախում արդյունաբերության և բնակիչների կարիքների համար կառուցվող ջրամբարի աշխատանքների իրականացման անվտանգությունը: Քաղցրահամ ջրի ստորգետնյա և վերգետնյա աղբյուրների պաշարների պահպանման համար ստեղծվող ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել տարեվերջին:

Պաշտոնական լրահոս

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 24-ին կայացել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների նորակազմ խորհրդի առաջին նիստը։

ԱՀ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն օգոստոսի 26-ին աշխատանքային այցով Երևանում էր: Այցի շրջանականերում Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ Աժ խմբակցությունների ղեկավարների և պատգամավորների հետ:

ԱՀ ՊԲ-ից հայտարարել են, որ օգոստոսի 28-ին, ժամը 15:20-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, խախտելով հրադադարն ու թիրախային կրակ բացելով Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիքերի ուղղությամբ,ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1649 աճյուն:

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտարարել են, որ օգոստոսի 24-ին, մեկնարկել է Արցախի հանրակրթական դպրոցների զինղեկների ուսումնագործնական վերապատրաստումների 7-օրյա դասընթացը։

ԼՂ հակամարտության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է ԼՂ կարգավորման հարցը։

ՀՀ ԱԳՆ-ից հայտարարել են, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթղթում շրջանառվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի ՄԱԿ Գլխավոր քարտուղարին հղված նամակը, որով ՄԱԿ անդամ պետությունների ուշադրությունն է հրավիրվում Ադրբեջանի բարձրագույն իշխանության փորձերի վրա՝ կոծկելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և իրականացված ոճրագործությունները ինքնապաշտպանության իրավունքի և ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի կեղծ մեկնաբանություններով։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով