Ժամանակին ՄԵՆՔ ՀԱՅ ԷԻՆՔ… և մեր մեջ բաժանում չկար.Միհրդատ Մադաթյան

      ԵՍ ՀԱ՛Յ ԵՄ ՄՆՈւՄ…

Ժամանակին ՄԵՆՔ ՀԱՅ ԷԻՆՔ… և մեր մեջ բաժանում չկար։ Մեր հոգում Մասիս և իրական Շուշի ունեինք։ Մենք միասնական էինք ու կուռ, և դա էր պատճառը որ հաղթեցինք Արցախյան գոյամարտում։ Ուղղակի այնտեղ չեին կռվում Գյումրեցիներ ու Երևանցիներ, Արցախցիներ և Սիսիանցիներ… ԱՅՆՏԵՂ ԿՌՎՈւՄ ԷԻՆ ՀԱՅԵՐ։ Հայեր, որ եղբայրներ էին, ունեին մի գաղափար, մի հայրենիք, մի ինքնություն… Եվ երբ արտերկրում միմյանց հանդիպում էինք՝ ուրախանում էինք, ու փորձում օգտակար լինել, անկախ թե որտեղացի ենք։ Եվ միայն անգրագետ թաղային անբաններն էին իրենց կիսում ու դասակարգում՝ թաղ-թաղ, որպեսզի ինքնահաստատվեն, քանզի կայանալու այլ ոլորտ չունեին, և մնում էր միայն այդպես կայանալ՝ ես շենգավիթցի եմ, կամ «կրիվոյցի»…
2018 թվականին մեզ կտրուկ բաժանեցին։ Բաժանեցին նախկինների ու նորերի, սևերի ու սպիտակների, արցախցիների և գյումրեցիների… Դրանով իսկ փոքրացնելով մեր Հայրենիքը։ Սպիտակների համար սևերի Հայրենիքը այլևս իրենցը չդարձավ, նորերի համար՝ նախկինների հայրենիքը այնքան սխալ էր, որ պետք էր ոչնչացնել… Մի խոսքով Հայրենիքը մեր համար այնքան փոքրացավ, որ սկսեց վերջանալ մեր շքամուտքով… Մեր տան մուտքի դռնով… Ու սկսեցինք մենք հանգիստ, «կասկադում» գինի խմել, երբ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ սահմանին ՀԱՅ են վիրավորում ու սպանում, որովհետև դա արդեն մեր Հայրենիքը չենք համարում, իսկ մեր «շքամուտքին» դեռ թուրքը դեռ չի հասել ։
Ու հայտնի «ցախավել կոտրելու» առակի պես, այս իշխանությունը կոտրեց մեզ։ Մենք թշնամացանք իրար հետ ու ատեցինք իրար։ Մեր համար Հայը՝ Հայ մնաց միայն երբ «մեր տուն շոկոլադ բերեց», կամ մեր նեղ անձնական խնդիրը լուծեց, իսկ երբ այդ նույն Հային ապօրինի ձերբակալեցին՝ մենք լռեցինք ու շարունակեցինք ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել։ Մենք սկսեցինք ատել մեր ազգակցին միայն այն պատճառով, որ այդ Հայը ավելի պատասխանատու է քան մենք, ավելի ազգասեր է քան մենք, ավելի խիզախ է քան մենք ու ինչքան էլ մենք նրան ատում ենք, նա միևնույնն է պաշտպանում է մեր տունը թշնամուց։ Մենք սկսեցինք Դոն Կիխոտի պես պայքարել հողմաղացների դեմ, ինչ-որ թելադրված սին արժեքների համար, որոնք իրականում մեզ հարազատ չեն։ Մենք ուղղակի սկսեցինք վստահել ազգադավին, ով շարունակաբար դավաճանում էր մեր Հայրենիքը, մեր քաղաքը, մեր տունն ու շքամուտքը մեզ ասելով թե՝ «սիրում է մեզ, խոնարհվում մեր առջև ու հպարտանում մեզանով»։ Հպարտանում մեզանով, որ այսքան հիմար ենք, որ այսքան անտարբեր ու անհայրենիք ենք… Հպարտանում մեզանով, որ այսքան անարաժանապատիվ ենք և նյութապաշտ… Հպարտանում մեզանով որ իրար ենք «ուտում» ու մոռացել ենք, որ Հայ ենք, Հայրենիք ունենք, պապերից եկած պատգամ ունենք, պատմություն ունենք… Հպարտանում նրանով, որ «մի փոր հացի» ՄԻԱՅՆ ԽՈՍՏՈՒՄՈՎ, պատրաստ ենք մեր Հայրենիքը թշնամուն վաճառենք ու գոհ «կասկադում» թեյ խմենք, հանգիստ գլուխներս բաձին դնենք, երբ հազարավոր ՀԱՅԵՐԻ որդուն ու տունը, ՀՊԱՐՏԱՑՈՂԸ հանձնում է թշնամուն։
Ժամանակին ՄԵՆՔ ՀԱՅ ԷԻՆՔ… և մեր մեջ բաժանում չկար։ Եվ մենք անպարտելի էինք ու արժանապատիվ։ Հզոր էինք ու հաղթող։ Մենք շարունակ կրում էինք մեր պապերի պատգամն ու սիրում էինք միմյանց։ ՄԵՆՔ ՀՊԱՐՏ ԷԻՆՔ ՈՐ ՀԱՅ ԵՆՔ։ Բայց դա ԺԱՄԱՆԱԿԻՆ ԷՐ…

Հոգեբան  Միհրդատ  Մադաթյանի  ֆեյսբուքյան  էջից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով